1572 դիտում
16:38 15-04-2019
Խախտումներ և բացթողումներ ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ-ում. դատախազությունը շարունակում է ՔԿՀ-ներում ստուգումները
ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների կողմից ստուգվել է ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձանց և դատապարտյալների հիմնական իրավունքների իրացման, պատժի կրման կարգի և պայմանների պահպանման վիճակը: Ստուգվել է նաև ՔԿՀ-ում պահվող անձանց նկատմամբ կիրառված կարգապահական տույժերի և խրախուսանքների վերաբերյալ կայացված որոշումների օրինականությունը և համաչափությունը:
Պարզվել է, որ պահվող անձանց նկատմամբ տույժեր կիրառելու վերաբերյալ կայացված մի շարք որոշումներում չի պահպանվել օրենսդրությամբ սահմանված՝ կարգապահական տույժ կիրառելու համաչափության սկզբունքը: Նախկինում ընդհուպ ներքին կանոնակարգը չարամտորեն խախտելու համար տույժի ենթարկված անձինք, հերթական խախտումը կատարելու համար, ենթարկվել են դրա ծանրությանն անհամաչափ մեղմ կարգապահական տույժի:
«Սևան» ՔԿՀ-ում ևս հայտնաբերվել են առանց համապատասխան թույլտվության՝ խցերում քնելատեղերի վարագուրապատման, այդպիսով կացարաններում անձանց տեղաշարժը հսկելու հնարավորությունից ՔԿՀ ծառայողներին զրկելու բազմաթիվ դեպքեր:
Կացարաններում, պատժախցերի պատերին արձանագրվել են քրեական ենթամշակույթի չգրված կանոները բնորոշող փորագրված կամ նկարված նշաններ: ՔԿՀ-ի բաց և կիսաբաց ուղղիչ հիմնարկներում դատապարտյալների համար հասանելի վայրում փոստարկղեր տեղադրված չեն եղել, իսկ որոշ կացարաններում արձանագրվել են առանց վարչակազմի թույլտվության պահվող կենդանիներ: Գրեթե բոլոր պատժախցերը և կարանտինային բաժանմունքում առկա խցերն ապահովված չեն եղել կենցաղավարման համար անհրաժեշտ որոշ պարագաներով և գույքով:
ՔԿՀ-ի ԲՍԲ-ում շրջայցի ընթացքում հայտնաբերվել են չբնակեցված կացարաններ, որոնցում առկա են եղել դատապարտյալներին պատկանող հագուստ, սննդամթերք, կենցաղային իրեր, այդ թվում նաև՝ արգելված իրեր և առարկաներ: Այսինքն ՔԿՀ-ում առկա են եղել անվտանգության ապահովման բացթողումներ:
ՔԿՀ-ում պահվող անձանց առողջության պահպանման իրավունքի ապահովման ոլորտում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ նրանք չեն ենթարկվել տարեկան առնվազն մեկ անգամ պարտադիր բուժկանխարգելիչ հետազոտման, իսկ բժշկական սպասարկման բաժնի մասնագետները ոչ բոլոր դեպքերում են այցելել պատժախցերում գտնվող դատապարտյալներին:
Ստուգման ընթացքում պարզվել է, որ սահմանված չափանիշներին չեն համապատասխանում ՔԿՀ-ի տարածքի և կացարանների սանիտարահիգիենիկ պայմանները: Նման խնդիրներ առկա են եղել ՔԿՀ-ի բնակելի գոտում, կացարաններում և բժշկական սպասարկման բաժնի ստացիոնարում: Կացարանների մոտ եղել են խոշոր աղբակույտեր, որոնք դատախազի պահանջով ՔԿՀ-ի վարչակազմի կողմից վերացվել և ՔԿՀ-ի տարածքը մաքրվել են հենց ստուգման ընթացքում:
Հարկ է ընդգծել, որ նույն խախտումը արձանագրվել էր նաև այս ՔԿՀ-ում ՀՀ գլխավոր դատախազության կողմից կատարված նախկին ստուգման ժամանակ, ինչի մասին տեղեկացվել էր քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմինը:
Այլ իրավունքների ապահովման վիճակի ստուգման համատեքստում պարզվել է, որ ՔԿՀ-ում առկա կիսաբաց ուղղիչ հիմնարկի համար նախատեսված կարանտինային բաժանմունքում դատապարտյալները պահվում են խցերում: Մինչդեռ նման խցային պայմաներ նախատեսված են փակ և կիսափակ ուղղիչ հիմնարկների համար: Այսինքն առկա է եղել պատժի կրման առաջին շրջանում դատապարտյալի իրավունքների որոշակիորեն սահմանափակման իրողություն: Բացի այդ, պարզվել է, որ չեն ապահովվել «Սևան» ՔԿՀ-ի ուղղիչ հիմնարկ տեղաբաշխված դատապարտյալների հետ ուղղման գործընթացի նախնական փուլում նախատեսված աշխատանքները կարանտինային բաժանմունքում կատարելու անհաժեշտ պայմանները:
Խախտումներ են արձանագրվել նաև ՔԿՀ-ի տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում դատապարտյալների ընդգրկման սահմանված չափորոշիչների պահպանման, տեսազանգից և հեռախոսազանգից անձանց օգտվելու ժամանակացույցի ապահովման, իրենց անձնական գործերում առանձնակի դաժանության կամ բռնության մասին վկայող տվյալներ ունեցող դատապարտյալներին իբրև ագրեսիվության, կոնֆլիկտայնության հակում ունեցողների հաշվառելու և նրանց հետ անհրաժեշտ սոցիալ-հոգեբանական աշխատանքներ տանելու, հանձնուքների ընդունման և հանձման կանոնների պահպանման, ինչպես նաև պատիժը լրիվ կրելով ազատվող դատապարտյալների հետագա բնակության վերաբերյալ հարցումներ կատարելու, համապատասխան ոստիկանական բաժանմունքներին տեղեկացնելու ժամկետների պահպանման ոլորտներում:
Արձանագրված խախտումների մի մասը վերացվել է հընթացս ստուգումների: ՔԿՀ-ում անցկացված օպերատիվ խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Գրիգորի Պողոսյանի կողմից «Սևան» ՔԿՀ վարչակազմին տրվել են առավել տևական ժամանակահատվածում վերացման ենթակա խախտումների ուղղությամբ կոնկրետ միջոցառումներ ձեռնարկելուն ուղղված մի շարք հանձնարարություններ:
Նմանատիպ նյութեր
3088 դիտում
19:02 06-06-2019
ՀՀ դատախազությունը նոր ստուգումներ է իրականացրել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ կրկին հայտնաբերելով խախտումներ
1952 դիտում
11:04 15-03-2019
ՀՀ գլխավոր դատախազությունը ՔԿՀ-ներում խախտումներ է արձանագրել․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
685 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում
1054 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»
769 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»