211652_close_icon
views-count1266 դիտում article-date 22:44 09-04-2019

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանն այցելել է Ֆրանսիայի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ

Ապրիլի 5-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանն այցելեց Ֆրանսիայի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ (Institut National des Langues et Civilisations Orientales, INALCO), որտեղ հանդիպում ունեցավ ինստիտուտի նորանշանակ նախագահ Ժան-Ֆրանսուա Հուշեի (Jean-François Huchet) հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև արևելյան լեզուների դպրոցի հայկական ամբիոնի վարիչ Անահիտ Տոնապետյանը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Տոլմաջյանը շնորհավորեց Ժան-Ֆրանսուա Հուշեին կրթական հաստատության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթեց նրա հետագա գործունեությունում: Կարևորելով հայկական ամբիոնի ավելի քան երկուհարյուրամյա գործունեությունը՝ դեսպանը նշեց, որ այն իրավամբ համարվում է Հայաստանից դուրս հայագիտական ուսումնասիրությունների ամենանշանակալի կենտրոններից մեկը: Հանդիպմանը զրուցակիցները քննարկեցին նաև Հայաստանում գործող գիտական և կրթական հաստատությունների հետ առկա և ապագա համագործակցության հնարավոր ծրագրերը: Տեղեկանք․ Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտը հիմնադրվել է 1669թ-ին Ժան-Բատիստ Կոլբերի կողմից, որպես «Երիտասարդների համար լեզուների դպրոց»: Հայերենի առաջին դասերը Ֆրանսիայի արևելյան լեզուների դպրոցում պաշտոնապես մեկնարկել են 1799թ-ին: Հայագիտության ամբիոնը ստեղծվել է 1812թ-ին, որի առաջին ղեկավարն է եղել ականավոր լեզվաբան Հակոբ Շահան Ջրպետյանը (Jacques Chahan de Cirbied):

Նմանատիպ նյութեր