211652_close_icon
views-count1050 դիտում article-date 12:31 09-04-2019

Բրյուսելում կայացել է ՀՀ-ի և ԵՄ-ի միջև Մարդու իրավունքների շուրջ կանոնավոր երկխոսության 10-րդ հանդիպումը

Ապրիլի 8-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Մարդու իրավունքների շուրջ կանոնավոր երկխոսության հերթական 10-րդ հանդիպումը: Հայաստանը և Եվրամիությունն անդրադարձել են «ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (ՀԸԳՀ) իրականացման շարունակականությունն ապահովելու պատրաստակամությանը: Հայաստանում տեղի ունեցած վերջին ընտրություններից հետո ՀՀ քաղաքացիների շրջանում մեծ են ակնկալիքները ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության և ամրապնդման շուրջ: Համաձայնագրով Եվրամիությունը և Հայաստանի Հանրապետությունը հանձնառու են ամրապնդել հարգանքը հիմնարար ազատությունների նկատմամբ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հավաքների և արտահայտման ազատությանը, ընտրական ոլորտի բարեփոխումներին, գենդերային հավասարությանը, հակախտրականության քաղաքականությանը, արդարադատության ոլորտի, քրեակատարողական հաստատությունների բարեփոխումներին, ինչպես նաև աշխատանքային իրավունքներին վերաբերող հարցեր: Լրատվությանն առնչվող ՀՀ օրենսդրության հետագա փոփոխությունները կարող են բաձրացնել թափանցիկության և բազմակարծության մակարդակը: Հայաստանը հաստատել է իր հաձնառությունը՝ հետամուտ լինելու արդարադատության ոլորտի, մասնավորապես՝ բոլորի օրենքի առջև հավասարության սկզբունքի ապահովման, դատական իշխանության անկախության, ինչպես նաև զսպումների և հակակշիռների արդյունավետ մեխանիզմի ուղղությամբ բարեփոխումների իրականացմանը: Խիստ կարևոր է, որ Հայաստանում ընդունվի միջազգային չափանիշներին համապատասխանող խտրականության դեմ պայքարի վերաբերյալ օրենսդրություն և ստեղծվի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին կից գործող իրավահավասարության ապահովման ազգային մարմին: Մարդու իրավունքների պաշտպանի և ՄԻՊ աշխատակազմի կողմից դրական քայլեր են ձեռնարկվել շուրջօրյա օգնության թեժ գիծ ստեղծելու և արագ արձագանքման թիմ ձևավորելու ուղղությամբ: Հայաստանն ու Եվրամիությունը քննարկել են Գենդերային հավասարության մասին 2019-2023 թվականների ազգային ռազմավարության նախագծի մշակումը: Կողմերն ընդգծել են հանրային իրազեկության մակարդակի բարձրացման և գենդերային հավասարության խթանման կարևորությունը՝ հատկապես կրթության միջոցով, ինչպես նաև վերահաստատել են աջակցությունն այդ ուղղությամբ: Հայաստանի իշխանությունների և Խոշտանգումների և անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) միջև սերտ համագործակցությունը կարող է օգտակար լինել: Անհրաժեշտ է, որ Հայաստանի կանխարգելման ազգային մեխանիզմը շարունակի կարողությունների զարգացման միջոցով բարելավել մշտադիտարկումները և գնահատել հոգեբուժական հաստատություններում, ոստիկանությունում, քրեակատարողական հիմնարկներում և անչափահասների ուղղիչ հիմնարկներում տիրող իրավիճակը: Հավատարիմ իր կողմից որդեգրված քաղաքականությանը Մարդու իրավունքների շուրջ երկխոսությանն ընդառաջ Եվրոպական միությունը հանդիպումներ և խորհրդակցություններ է անցկացրել հայաստանյան և միջազգային ՔՀ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Երկխոսության արդյունքում մշակվել են Գործառնական եզրակացություններ՝ հստակ գործողություններով, որոնք կմշտադիտարկվեն և կքննարկվեն հաջորդ տարվա ընթացքում: ՀՀ պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը: ԵՄ պատվիրակությունը ղեկավարում էր Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Արևելյան գործընկերության երկրների հետ երկկողմ հարաբերությունների բաժնի ղեկավար Ռիչարդ Թիբբելսը: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գենդերային հարցերով գլխավոր խորհրդական Մարիա Մարինակին:

Նմանատիպ նյութեր