211652_close_icon
views-count3807 դիտում article-date 23:07 18-03-2019

Վիտալի Բալասանյանը Բակո Սահակյանին խնդրում է ներում շնորհել իր դեմ մահափորձի համար դատապարտվածներին

ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը բաց նամակ է հղել ԱՀ նախագահ Բակո Սահակյանին, որում խնդրում է ներում շնորհել իրեն մահափորձի ենթարկելու մեջ մեղավոր ճանաչված և ազատազրկված դատապարտյալներին։ «Արցախի Հանրապետության Նախագահ պարոն Բակո Սահակյանին Մեծարգո պարոն Նախագահ 2013 թվականի դեկտեմբերի 29-ին իմ դեմ կազմակերպված մահափորձի գործով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքի 33-րդ, 103-րդ և 245-րդ հոդվածների հիմքով մեղադրանք է առաջադրվել և ԼՂՀ առաջին ատյանի իրավասության դատարանի վճռով ազատազրկման են ենթարկվել Արա Ռաֆայելի Ավետյանը (11 տարի) և Սերգեյ Բորիսի Հարությունյանը (9 տարի): Ես՝ որպես տուժող կողմ, ներման խնդրանքով եմ դիմում Ձեզ՝ հաշվի առնելով դատապարտյալների ընտանիքների սոցիալական վիճակը, անչափահաս երեխաների առկայությունը և Արցախի Հանրապետությունում տիրող ընդհանուր ռազմաքաղաքական իրավիճակը: Մենք մեզ դասում ենք քաղաքակիրթ պետությունների շարքում, որտեղ ներման ինստիտուտը մեծ տարածում ունի և վկայում է պետության ղեկավարի մեծահոգության և մարդասիրության մասին, ուստի խնդրում եմ Ձեզ կիրառել Ձեր սահմանադրական բացառիկ իրավունքը և ներում շնորհել Արա Ռաֆայելի Ավետյանին և Սերգեյ Բորիսի Հարությունյանին: Ոխը, չարությունը բոլորիս հաճախ հոգսերի և ալեկոծումների, երկյուղի և տարակուսանքների են մատնում, և բոլոր անկարգություններն աշխարհում տիրում են ոխակալությունից և չներելուց, իսկ մեկին ներելիս մենք ունենում ենք թեթևություն, ինքնավստահության զգացողություն, և յուրաքանչյուրի մոտ տեղի է ունենում ինքնագնահատականի կտրուկ բարձրացում: Կոչս է համայն հայ ժողովրդին՝ ուժեղ, կայուն, ամուր պետության հիմքում դրված է մեկս մյուսի նկատմամբ ունեցած հանդուրժողականությունը և ներողամտությունը: Հարգանքով՝ ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյան»,– գրված է բաց նամակում։

Նմանատիպ նյութեր