4267 դիտում
18:40 06-03-2019
Կոտայքում ադամանդագործության ոլորտում առաջիկայում խոշոր ներդրումներ, 3 հազար աշխատատեղի ստեղծում է նախատեսվում. Ռոմանոս Պետրոսյան
Հայաստանի Կոտայքի մարզում ադամանդագործության ոլորտում նկատելի ակտիվություն է արձանագրվել:
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ Աբովյան քաղաքում ներկայում ադամանդագործության ոլորտում գործում է 80-100 աշխատատեղ ունեցող ընկերություն: Առաջիկայում այս ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների թիվը կավելանա:
«Կան գործարարներ, որոնք, պայմանավորված հետհեղափոխական քաղաքական իրադրությամբ, մտադրված են Աբովյանում աշխատելով, ներգրավել խոշոր ներդրումներ: Այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր արդեն իրականացվում են: Վերջերս սկսվել են մեծ ծավալով շինարարական աշխատանքներ Աբովյանում՝ նախկին «Սիրուս» գործարանի տարածքում:
Այդտեղ են կահավորվելու ադամանդագործության արտադրամասերը: Նախատեսվում է, որ Հոնկոնգում, Դուբայում գործող ադամանդագործական ընկերությունները գրասենյակ կբացեն Աբովյանում և արտադրություն կսկսեն: Այսինքն՝ այդ ընկերությունների արտադրական արդյունքը կլինի Հայաստանում: Բիզնես պլանի համաձայն՝ առաջիկա տարիներին նախատեսվում է 3 հազար աշխատատեղ ստեղծել»,-ասաց Ռոմանոս Պետրոսյանը:
Նա տեղեկացրեց, որ ընկերությունները նախատեսում են նաև ուսուցման ծրագիր իրականացնել, որ շինարարության ավարտին զուգահեռ վերապատրաստված մասնագետներ լինեն: Մարզպետը տեղեկացրեց, որ արդեն հանդիպել է գործարարներին: Նա իր աջակցությունն է հայտնել նրանց:
Մարզպետը նշեց, որ այս պահին էլ մարզում գործում է 7-8 ադամանդագործական միջին ձեռնարկություն, որոնց արտադրանքն արտահանվում է ռուսական, եվրոպական շուկաներ:
Հաջորդ ուղղությունը, որ մարզը զարգացնում է, զբոսաշրջությունն է: Այդ շրջանակում ներկայում երկու խոշոր հյուրանոցային համալիրների կառուցման ծրագիր է իրականացվում:
Դրանից բացի, բարձր լեռնային բնակավայրերում աշխատանքներ են ընթանում էկոտուրիզմի ենթակառուցվածքների զարգացման, ներդրումներ բերելու առումով:
«Դրա վառ օրինակը Լեռնանիստ համայնքում ձմեռային տուրիզմի զարգացման ծրագրերն են: Ենթակառուցվածքների զարգացմանը զուգահեռ տեղեկատվական լուրջ աշխատանք տարվեց, որից հետո տուրիստական ակտիվությունը նկատելի էր: Կցանկանայի նշել Սևաբերդում էկոգյուղի ծրագրի մասին, որը նույնպես ընթացքի մեջ է: Ամբողջացվում է նախագծանախահաշվային փաթեթը»,-ասաց մարզպետը:
Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ մարզի համար կարևոր ուղղություններից է ինտենսիվ այգեգործությունը, տեխնոլոգիական գյուղատնտեսությունը: Ըստ նրա՝ այս ուղղությամբ էլ կա առաջընթաց: Մարզում շուրջ 90 հա ջերմոցային տնտեսություն կա, ևս 17 հա չորս համայնքում ներկայում հիմնվում է:
Ծրագրեր են նախատեսված վերականգնվող էներգետիկայի ոլորտում: Առկա է իտալա-իսպանական համատեղ ձեռնարկության հետ կնքված հուշագիր, որի համաձայն՝ մարզում կկառուցվեն հողմակայաններ: Դրանից բացի, արևային կայաններ կկառուցվեն մի շարք համայնքներում:
«Ի դեպ, ուզում եմ նշել վերելակների արտադրության մասին: Չարենցավանում կհիմնվի 60-70 աշխատատեղով վերելակների արտադրությամբ զբաղվող ընկերություն: Չինական կողմի այցին ենք սպասում՝ տարածքի հարցը հստակեցնելու համար: Նրանց կողմից ներկայացված չափանիշներին համապատասխան մենք առանձնացրել ենք 5 տարածք, որից էլ չինական կողմը կընտրի հարմարը»,-ասաց նա:
Մարզպետի խոսքով, իրենց հաշվարկներով, ընթացիկ տարվա համար նախատեսված ծրագրերով կհիմնվի 1000-ից ավելի աշխատատեղ:
Նմանատիպ նյութեր
6541 դիտում
14:44 08-08-2017
Ռուսական կողմի հետ քննարկվել է ադամանդագործության և ոսկեգործության ոլորտում համագործակցությունը
Այս բաժնից
760 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2122 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
754 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար