211652_close_icon
views-count2017 դիտում article-date 23:30 06-03-2019

ՀՀ մշտական ներկայացուցչությունը Նյու Յորքում` ՄԱԿ-ի կենտրոնակայանում կազմակերպել է «Ազգային վիճակագրական գործակալությունների դերը թվային օրակարգի իրականացման գործում» խորագրով միջոցառում

Մարտի 5-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի նախագահության շրջանակներում Նյու Յորքում` ՄԱԿ-ի կենտրոնակայանում կազմակերպեց «Ազգային վիճակագրական գործակալությունների դերը թվային օրակարգի իրականացման գործում» խորագրով հարակից միջոցառում՝ նվիրված Թվային օրակարգի իրականացման գործում վիճակարգրական գործակալությունների դերին։ Միջոցառումը զուգակցվեց Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի վիճակագրական հանձնաժողովի 50-ամյա հոբելյանական նստաշրջանին։ Հանդիպմանը բացման խոսքով ելույթ ունեցավ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը: Որպես բանախոսներ հանդես եկան Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ, նախարար Տատյանա Վալովայան, ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական դեպարտամենտի Թվային կառավարման և վիճակագրական բաժանմունքների պաշտոնյաներ, ԵԱՏՄ անդամ երկրների վիճակագրական ծառայությունների ղեկավարներ և տեղակալներ։ Մ. Մարգարյանն իր ելույթում շեշտեց, որ թվային օրակարգը ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության հիմնական առաջնահերթություններից է։ ՀՀ մշտական ներկայացուցիչը նշեց, որ Հայաստանը հանձնառու է պահպանել ԵԱՏՄ-ում համագործակցության և ինտեգրման դրական դինամիկան` տարեսկզբին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ուղենշված Հայաստանի նախագահության առաջնահերթություններին համապատասխան։ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը նշեց, որ տնտեսական ինտեգրման շրջանակներում Հայաստանը ողջունում է այլ երկրների և կառույցների հետ առկա ու նոր ձևավորվող լավագույն փորձը կիրառելու միջոցով համագործակցությունը խթանելու ջանքերը։ Քննարկմանը ելույթներով հանդես եկան Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը, Ղրղզստանի Ազգային վիճակագրական կոմիտեի նախագահ Ակիլբեկ Սուլթանովը (Akylbek Sultanov), Բելառուսի Ազգային վիճակագրական կոմիտեի փոխնախագահ Իրինա Կանգրոն (Irina Kangro) և ՌԴ Դաշնային պետական վիճակագրական կոմիտեի փոխնախագահ Սերգեյ Եգորենկոն (Sergei Egorenko), ովքեր ներկայացրին թվային օրակարգի ոլորտում իրենց երկրների գործունեությունը և առկա մարտահրավերները։

Նմանատիպ նյութեր