Շուտով Չարենցավանի հիվանդանոցային և պոլիկլինիկական ծառայությունները կմատուցվեն մեկ վայրում՝ «Չարենցավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Կոտայքի մարզում հիմնանորոգված, բարեկարգված և ժամանակակից սարքավորումներով կահավորված բժշկական կենտրոնների առկայությունը Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի համար մարզային խնդիրների լուծման առաջնահերթություններից է՝ բժշկական ծառայությունների պատշաճ մակարդակով կազմակերպման, քաղաքացիների սպասարկման և անհրաժեշտ բժշկական օգնությունն ավելի բարձրակարգ տրամադրելու հրամայականով պայմանավորված:
Այս տեսանկյունից ձեռնարկված գործնական քայլերից հերթականը Կոտայքի մարզի «Չարենցավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում դեկտեմբերին մեկնարկած հիմնանորոգման աշխատանքներն են, որոնք այս պահին ընթացքի մեջ են:
Աշխատանքները հիմնականում իրականացվում են բուժ.կենտրոնի սեփական տնտեսված միջոցների հաշվին. այս պահին հիմնանորոգվում է հիվանդանոցային մասնաշենքի երկրորդ հարկը՝ մասնակի և երրորդ հարկն ամբողջությամբ:
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր աշխատանքային այցով Չարենցավանում էր: Մարզպետը շրջել է բժշկական կենտրոնի տարածքում, ծանոթացել հիմնանորոգման աշխատանքների ընթացքին. այց է կատարել առանձին մասնաշենքում գործող պոլիկլինիկա:
Այս պահին արդեն փոխվել են պատուհանները, անցկացվել է ջեռուցման և լուսավորության համակարգ, պատերի հարդարման աշխատանքներ են իրականացվել: Երկրորդ հարկում կգործի պոլիկլինիկայի մանկական, իսկ երրորդում՝ մեծահասակների սպասարկման բաժանմունքը՝ ամբողջությամբ հիմնանորոգված և լիովին կահավորված:
Նախատեսվում է գարնան ավարտին արդեն ունենալ վերջնական բարեկարգված պոլիկլինիկայի հատված, որտեղ կտեղափոխվի գործող պոլիկլինիկան իր ստորաբաժանումներով: Արդյունքում պոլիկլինիկական ու հիվանդանոցային ծառայությունները կմատուցվեն մեկ վայրում՝ երկու տարբեր մուտքերով:
Հիմնանորոգումից հետո նախատեսվում է բարեկարգման աշխատանքներ կատարել նաև բակային հատվածում՝ կանոնակարգելու մեքենանների կայանատեղին, մուտքը, ինչպես նաև շտապօգնության մեքենաների համար սահմանել առանձին մուտքի պայմաններ: