211652_close_icon
views-count1937 դիտում article-date 20:23 04-03-2019

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողը՝ նոր ռեկորդի հեղինակ. ԱԻՆ-ում անցկացվեց քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մարտի 1-ից 6-ը Արտակարգ իրավիճակների նախարարությունը իրականացնում է քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարք: Միջոցառումները շարունակվեցին այսօր ԱԻ նախարարության շարահրապարակում, որտեղ ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանող, աշխարհի կրկնակի ռեկորդակիր, Հայաստանի դյուցազնագրքի 14-ակի ռեկորդակիր Յուրի Սաքունցը սահմանեց նոր ռեկորդ` քաշելով 25 տոննա կշռող հրշեջ մեքենան: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԻ փոխնախարար Արմեն Հարությունյանը, Փրկարար ծառայության տնօրեն փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը, ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը, Հայաստանի դյուցազնագրքի ներկայացուցիչները, ինչպես նաև նախարարության տարբեր ստորաբաժանումների ղեկավարները: Երիտասարդ ռեկորդակիր Յուրի Սաքունցը զրույցում նշեց, որ հետևողական աշխատանքի արդյունքում կարելի է նման հաջողության հասնել: «Մտադիր եմ շարունակել ռեկորդների շարքը. հաջորդ անգամ կփորձեմ ինքնաթիռի քաշում իրականացնել»,- իր խոսքում նշեց Յուրի Սաքունցը: Հաջորդ միջոցառումը ԱԻՆ սպորտային դահլիճում էր, որտեղ անցկացվեց ՄԱՍ ՌԵՍՏԼԻՆԳ սպորտաձևի՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների միջբուհական մրցաշարը: Առաջնության կազմակերպմանը ԱԻՆ ստորաբաժանումների և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հետ համատեղ մասնակցել է նաև Հայաստանի ՄԱՍ ՌԵՍՏԼԻՆԳ-ի ֆեդերացիան: Անհատական շրջափուլով անցկացված մրցաշարին մասնակցեցին Երևանի պետական համալսարանը, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը, Հայաստանի տնտեսագիտական համալսարանը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանը, Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական, Չարենցավանի և Արթիկի պետական, և Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջները ներկայացնող 75 մարզիկներ: Շուրջ 5 ժամ տևած լարված պայքարի արդյունքում կանանց մրցաշարում մինչև 45 կգ քաշային կարգում հաղթող ճանաչվեց ռազմական ավիացիոն համալսարանը ներկայացնող Թամարա Գասպարյանը: Մինչև 55 կգ քաշային կարգում իրեն հավասարը չունեցավ ՃԿՊԱ-ն ներկայացնող Ռոզա Սարիկյանը, իսկ մինչև 65 կգ քաշային կարգում՝ կրկին Ակադեմիայի սան Գրետա Գևորգյանը: Մինչև 75 և 75 կգ և ավելի քաշային կարգերում հաղթող ճանաչվեցին համապատասխանաբար Մելանյա Ամիխանյանը՝ ՃԿՊԱ-ից և Ռոզա Հովհաննիսյանը՝ Հայկական պետական մանկավարժական համալսարանից: Տղամարդկանց մրցաշարում մինչև 60 կգ քաշային կարգում առաջին տեղը զբաղեցրեց Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանը ներկայացող Արթուր Մուրադյանը: Մինչև 70 կգ քաշային կարգում առաջին հորիզոնական զբաղեցրեց ՃԿՊԱ ուսանող Յուրի Սաքունցը: Մինչև 80 կգ քաշային կարգում իրեն հավասարը չունեցավ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը նեկայացնող Հովհաննես Հովհաննիսյանը, մինչև 95 կգ քաշային կարգում՝ Աշոտ Հովհաննիսյանը (ՃԿՊԱ), իսկ մինչև 105 կգ քաշային կարգում՝ Սերոբ Ժամկոչյանը (Հայաստանի տնտեսագիտական համալսարան): Եվ վերջապես ամենաբարձր՝ 105 կգ և ավելի քաշային կարգում իրենց հավասարը չուներ Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջը ներկայացնող Ժոռա Թորոսյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր