5185 դիտում
22:57 09-04-2016
ԵՊՀ ուսանողների հյուրն էր ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոս, պահեստի գնդապետ Ռաֆիկ Ղուկասյանը
ԵՊՀ մարտական պատրաստության ակումբի նախաձեռնությամբ ապրիլի 7-ին տեղի ունեցավ քաղաքացիական պաշտպանության դաս, որի ընթացքում ներկաները ծանոթացան պատերազմական իրավիճակում հակառակորդի հարձակման դեպքում բնակչության պաշտպանության ձևերին, հարվածի ենթարկված տարածքներում փրկարարական և անհետաձգելի վերականգնման աշխատանքների իրականացման միջոցներին ու եղանակներին:
Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողներ, որոնց հարցերի և հետաքրքրությունների շրջանակը բազմազան էր՝ քաղպաշտպանության շտաբների գործունեությունից մինչև պաշտպանական միջոցները սահմանամերձ գյուղերում և այլն: Անդրադարձ կատարվեց այն հարցերին, թե պատերազմական իրավիճակում ինչ պետք է անեն դպրոցները, մանկապարտեզները, երբ հայտնվում են թշնամու թիրախում, ինչպես նաև մեր հարևան պետություններին և այն սպառնալիքներին, որոնք կարող են լինել նրանց կողմից:
«Մենք այսօր ռազմական անվտանգության և քաղաքացիական պաշտպանության խնդիր ունենք, և տվյալ ժամանակահատվածի համար այն առաջնային է: Քաղաքացիական պաշտպանություն ասելով հասկանում ենք բնակչության և նյութական արժեքների պաշտպանությունը: Պաշտպանության կարևոր ձևերից են պատսպարումը, տարհանումը, որը պետք է այնպես կատարել, որպեսզի խուճապ չառաջանա»,- նշեց Ռաֆիկ Ղուկասյանը:
Ըստ ԵՊՀ մարտական պատրաստության ակումբի նախագահ Արմեն Խաչիկյանի՝ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրադրության ծայրահեղ լարման և լայնածավալ ռազմական գործողությունների պայմաններում Ադրբեջանի զինված ուժերի թիրախ են դարձել նաև սահմանամերձ բնակավայրերը:
«Ադրբեջանը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերն ու Ժնևյան կոնվենցիան, վերջին շրջանում կրակի տակ է պահում նաև քաղաքացիական բնակչությանն ու բնակավայրերը: Այս իրավիճակում մեզ մնում է քաղացիական բնակչությանը պատրաստել հետագա ռմբակոծություններից պաշտպանվելու համար: Այդ նպատակով վերջին օրերում կամավորագրված այն ուսանողների համար, ովքեր ցանկություն են հայտնել մեկնելու Արցախ և այնտեղ իրենց օգնությունն ու մասնակցությունը ցուցաբերելու, մեր ակումբի կողմից կազմակերպվեց քաղաքացիական պաշտպանության վերաբերյալ դասընթաց»,- հավելեց Արմեն Խաչիկյանը:
Նշենք, որ Մարտական պատրաստության ակումբի կողմից հայկական զինված ուժերում զինծառայություն անցած ուսանողների կամավորական հավաք է հայտարարվել՝ համալսարանական կամավորների միասնական ստորաբաժանում կազմելու և հարկ եղած դեպքում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից համապատասխան թույլտվությամբ Արցախ մեկնելու, մեր հայրենակիցների կողքին գտնվելու և մեր հայրենիքի անվտանգության ապահովմանը մասնակցելու համար:
Նմանատիպ նյութեր
2066 դիտում
22:56 16-06-2022
ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոս Յուրի Սաքունցը սահմանել է Գինեսի նոր ռեկորդ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
7688 դիտում
15:43 01-02-2017
ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի 25-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով է անցկացվել
Այս բաժնից
364 դիտում
12:33 14-11-2024
Անահիտ Մանասյանը Սյունիքում այցելել է ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ
403 դիտում
12:20 14-11-2024
Գուրգեն Արսենյանը մասնակցել է ՀԱՊԿ անդամ դեսպանների և մշտական ներկայացուցիչների հետ Լավրովի հանդիպմանը
520 դիտում
12:07 14-11-2024
Արարատում կասեցվել է մսային կիսապատրաստվածքի արտադրամասի արտադրական գործունեությունը