211652_close_icon
views-count3113 դիտում article-date 19:45 02-03-2019

Վլադիմիր Կարապետյան. 1992թ. մարտի 2-ը կարելի է համարել մեր նորագույն պատմության կարևորագույն օրերից մեկը

ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր Հայաստանում նշում ենք դիվանագետի օրը։ 1992թ.-ի մարտի 2-ը կարելի է համարել մեր նորագույն պատմության կարեւորագույն օրերից մեկը, երբ Հայաստանը դարձավ ՄԱԿ-ի լիիրավ անդամ։ Կարծում եմ օրը յուրօրինակ խորհրդանշական է․ այն ուրույն կերպով շաղկապում է նորանկախ պետության միջազգային հանրության մաս դառնալու ամրագրումը դիվանագիտական ծառայության հետ։ Այս տարիների ընթացքում հայկական դիվանագիտությունը հաղթահարել է բազմաթիվ փորձություններ՝ այդ ճանապարհին ունենալով ինչպես ձեռքբերումներ, այնպես էլ՝ ձախողումներ։ Արագ փոփոխվող, նորանոր հարցադրումներ առաջադրող և մարտահրավերներով լեցուն աշխարհում ուժեղ դիվանագիտությունը առավել քան կենսական նշանակություն ունի։ Թավշյա հեղափոխությունից հետո, անկախ մեր դիվանագետների գործունեությունից, Հայաստանը բարձր վարկանիշ է ձեռք բերել միջազգային ասպարեզում։ Մեր գործընկերների հետ հանդիպումների, ինչպես նաև պաշտոնական և աշխատանքային այցերի ջերմությունն ու արդյունավետությունը դրա վկայությունն է։ Հայաստանում իրականացովող արմատական բարեփոխումները, տեղի ունեցած ընտրությունները արժանացել միջազգային ամենահեղինակավոր կազմակերպությունների բարձր գնահատականին։ Արդի քաղաքական շրջանը մեզանից յուրաքանչյուրի վրա դրել է առանձնահատուկ պատասխանատվություն։ Այսօր Հայաստանի Հանրապետության կառավարության, պետական կառավարման բոլոր մարմինների խնդիրն է՝ գործել հեղափոխության բերած արժեքների տրամաբանության, ՀՀ Սահմանադրության և օրենքների շրջանակներում: Հասկանում եմ, որ ոմանց համար դժվար է դուրս գալ տարիների ընթացքում ձևավորված հարմարավետության շրջանակներից, սակայն նոր արժեհամակարգ որդեգրելը և նորովի գործելը պարզապես այլընտրանքներ չունեն։ Ցանկանում եմ հիշեցնել ս.թ. փետրվարի 22-ին ՀՀ կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիլոլ Փաշինյանի խոսքերը. «Սա սիրո և համերաշխության հեղափոխություն է և յուրաքանչյուրը պետք է փոխվելու, նոր արժեքային համակարգ որդեգրելու շանս ունենա, բայց, կարծում եմ, որ բոլորս գիտենք, որ հակառակի շանսը գոյություն չունի: Այսինքն՝ բոլորն ունեն շանս նոր արժեքներին և համակարգին ինտեգրվելու և այդ արժեքները որդեգրելու, բայց նախահեղափոխական արժեքները, հարաբերությունները շանս չունեն վերակենդանանալու: Համենայն դեպս, ես՝ որպես ՀՀ վարչապետ, դա համարում եմ իմ անձնական պարտավորությունը: Սիրելի գործընկերներ, Վստահեք ձեր ուժերին և հավատացեք ձեր աշխատանքին։ Շնորհավորում եմ դիվանագետի օրվա կապակցությամբ։ Մաղթում եմ ձեր ընտանիքներին ամենայն բարիք»

Նմանատիպ նյութեր