211652_close_icon
views-count3611 դիտում article-date 19:42 22-02-2019

Արգենտինայում 106 տարեկանում մահացել է Ցեղասպանությունը վերապրած հայուհին

[url=https://www.tert.am/am/news/2019/02/22/argentina/2929859]Tert.am[/url]-ը գրում է. Արգենտինայում 106 տարեկանում մահացել է Հայոց ցեղասպանության վերջին վերապրածներից մեկը՝ Լուսին Բերեջիկլյան դե Խաչերյանը: Ինչպես հայտնում է Prensa Armenia գործակալությունը, նա մահացել է փետրվարի 21-ին: Լուսինը ծնվել է 1913 թվականի հունվարի 7-ին Այնթափում, սակայն փաստաթղթերում նրա ծննդյան տարեթիվը նշված է եղել 1909: «Ավելի լավ է չհիշել ոչինչ: Երբ հիշում եմ, չեմ կարողանում քնել», - Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի ոգեկոչման արարողությունների ժամանակ տված հարցազրույցում ասել էր Լուսինը: Նրա հայրը՝ Աբրահամը, ոսկերիչ էր: Երբ տեղահանությունները նոր էին սկսվում, նա իր ավագ երեխաներին ուղարկել էր Հալեպ: Ինչպես տարիներ առաջ Clarín թերթին պատմել էր Լուսինը, ինքը ծնողների հետ նույնպես փորձել է փախչել: Թեև նրանց ճանապարհին կանգնեցրել և թալանել էին թուրք զինվորները, իրենց հաջողվել էր հասնել Հալեպ: Մայրը, սակայն, մահացել էր ճանապարհին: Առաջին աշխարհամարտից հետո նրանք վերադարձել են հայրենի քաղաք, որը գտել են ավերակների մեջ, այդտեղից էլ նրանց գնացքով աքսորել են անհայտ ուղղությամբ: Ճանապարհին հայրը որոշում է կայացրել փախչել և հասնել Դամասկոս: Դամասկոսում նրա հայրը մահացել է: Եղբայրները քիչ անց տեղափոխվել են Արգենտինա, իսկ Լուսինն ավագ քրոջ հետ Դամասկոսում է մնացել մինչև 16 տարին լրանալը: 1929-ին նրանք նույնպես որոշել են տեղափոխվել Բուենոս Այրես:

Նմանատիպ նյութեր