211652_close_icon
views-count2012 դիտում article-date 15:23 18-02-2019

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Հայաստանի ամերիկյան համալսարանի հիմնադիր-նախագահ, ՀԱՀ պատվավոր նախագահ Միհրան Աղբաբյանի մահվան կապակցությամբ

«Խորապես վշտացած եմ պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) հիմնադիր-նախագահ, ՀԱՀ պատվավոր նախագահ Միհրան Աղբաբյանի մահվան կապակցությամբ: Միհրան Աղբաբյանը մեր ժողովրդի լավագույն զավակներից էր, ով մշտապես հայրենիքի հետ էր իր գործունեությամբ: Լինելով ճարտարագիտական սեյսմոլոգիայի և սեյսմակայուն շինարարության բնագավառում աշխարհի լավագույն մասնագետներից մեկը, նա Սպիտակի երկրաշարժից հետո անմիջապես այցելեց Հայաստան և մասնագիտական աջակցություն ցուցաբերեց հայրենի մասնագետներին: 1991 թ. նրա և մի խումբ նվիրյալ մասնագետների նախաձեռնությամբ ստեղծվեց ներկայումս տարածաշրջանի լավագույն բուհերից մեկը՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանը (ՀԱՀ), որը Միհրան Աղբաբյանը ղեկավարեց մինչև 1997 թվականը, այնուհետև դառնալով նրա պատվավոր նախագահը: Քաջ գիտակցելով, որ Հայաստանի ապագայի բանալին լինելու է կրթությունը, Միհրան Աղբաբյանն իր գործունեությամբ մեծագույն նպաստ բերեց մեր երկրում այն զարգացնելու ուղղությամբ։ Անկեղծորեն ցավակցում եմ Միհրան Աղբաբյանի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին և կիսում նրանց վիշտը»։

Նմանատիպ նյութեր