2188 դիտում
12:34 05-02-2019
Պաշտպանն ամփոփել է «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնում մշտադիտարկման արդյունքներ
Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնում (այսուհետ՝ Կենտրոն) իրականացված մշտադիտարկման այցի արդյունքները: Դրանք ենթարկվել են մանրամասն վերլուծության՝ ՀՀ օրենսդրությանը և միջազգային չափանիշներին համապատասխանության տեսանկյունից: Կազմվել է մեծածավալ փաստաթուղթ, որն անհրաժեշտ հիմնավորումներով, օբյեկտիվ բնույթի ապացույցներով (պատճենահանված փաստաթղթեր, լուսանկարներ և այլն) և քայլերի կոնկրետ առաջարկներով կներկայացվեն Կենտրոնի տնօրինություն, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Գլխավոր դատախազություն:
Կենտրոնում արձանագրված խնդիրներից հիմնականը հետևյալն են.
• օրենքով չնախատեսված զսպման և բժշկական ներգործության միջոցների օգտագործում (Առողջապահության նախարարի հրամանով չթույլատրված դեղորայքային խառնուրդ), ինչպես նաև այդ միջոցների կիրառման կարգի խախտումներ,
• հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով սահմանված մեկուսացման միջոցի կիրառման կարգի խախտումներ, այդ թվում՝ խնամվողի արժանապատվությունը նվաստացնող եղանակով,
• հայտնաբերվել է ժամկետանց (վանիլին, բնական հյութ, մեղր, կոնֆետներ) և չմակնշված (պահածոներ), այդ թվում՝ այցի պահին պիտանելիության ժամկետը մեկ տարուց ավելի լրացած սննդամթերք, ինչպես նաև արձանագրվել են սննդամթերքի բազմատեսակության և սահմանված քանակից պակաս մատուցելու հետ կապված խնդիրներ,
• հայտնաբերվել են ժամկետանց դեղեր (այդ թվում՝ այնպիսի դեղորայք, որի պիտանելիության ժամկետն այցի պահին լրացած է եղել դեռ մեկուկես տարի առաջ) և բժշկական ժամկետանց պարագաներ,
• արձանագրվել են դեղերի պահպանման և խոտանման կարգի խախտումներ,
• առկա են բժշկական թափոնների հավաքման և պահպանման կարգի խախտումներ,
• Կենտրոնի խնամվողներն ապահովված չեն ատամնաբուժական, այդ թվում՝ պրոթեզավորման պատշաճ ծառայություններով,
• կանխարգելիչ բժշկական օգնության և սպասարկման, այդ թվում՝ վարակիչ (թոքախտ) և ոչ վարակիչ (հիպերտոնիկ հիվանդություն, շաքարային դիաբետ և այլն) հիվանդությունների սկրինինգային հետազոտությունների կազմակերպման թերություններ: Օրինակ՝ ֆլյուորոգրաֆիկ հետազոտություն իրականացվում է խնամվողի գանգատի դեպքում՝ ըստ անհրաժեշտության, մինչդեռ դա պետք է իրականացնել պարբերական սկզբունքով ու կանխարգելիչ նպատակով,
• ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ 1292-Ն որոշումն ամրագրում է հատուկ տիպի տուն-ինտերնատում առաջնային բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում խնամվողների պարբերական բժշկական զննության պահանջ: Որոշումը նաև ամրագրում է, որ պետք է սահմանվի համապատասխան կարգ և պարբերականություն, սակայն նման կարգ, այդ թվում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից սահմանված չէ,
• Կենտրոնում արձանագրվել է գերբնակեցում: Գերբնակեցման հետևանքով խնամվողներն ապահովված չեն անձնական, այդ թվում՝ բնակելի տարածությամբ, ինչն ուղղակիորեն բացասաբար է ազդում նրանց մասնավոր կյանքի իրավունքի վրա,
• Կենտրոնն ունի կենցաղային, այդ թվում՝ սանիտարահիգիենիկ պայմանների, բարելավման և վերանորոգման անհրաժեշտություն (լոգարան, սանհանգույցներ, բնակելի սենյակներ և այլն),
• Կենտրոնի ոչ բոլոր մասնաշենքերն են հարմարեցված տեղաշարժման խնդիրներ ունեցող խնամվողների համար: Մասնավորապես, բացի անկողնային պացիենտներից, մնացած խնամվողները հաճախում են Կենտրոնի 2-րդ մասնաշենքի 2-րդ հարկում տեղակայված ճաշասրահ: Մշտադիտարկման ընթացքում արձանագրվել է, որ հենաշարժողական խնդիրներ ունեցող խնամվողները ճաշասրահի մասնաշենքին են մոտենում անվասայլակներով, ինչից հետո անվասայլակները թողնելով մասնաշենքի դիմաց ու դժվարությամբ քայլելով, միմյանցից բռնվելով, պատերին հենվելով՝ բարձրանում են ճաշասրահ: Թեև նրանց օգնում են աշխատակիցները, սակայն դա հաշմանդամություն ունեցող մարդու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք է,
• մշտադիտարկման ընթացքում արձանագրվել է, որ ցուրտ եղանակային պայմաններում (հիմնական մշտադիտարկումը կատարվել է դեկտեմբեր ամսին) առկա չէ շուրջօրյա պատշաճ ջեռուցում,
• Կենտրոնի բաժանմունքների սանհանգույցները հարմարեցված չեն հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պահանջմունքներին: Օրինակ՝ մի դեպքում սանհանգույցներից մեկում ասիական տիպի զուգարանը և զուգարանակոնքը պատով անջատված չեն և տեղադրված են իրար շատ մոտ, իսկ մյուս դեպքում զուգարանները տեղադրված են ընդհանուր հատակից մեկ աստիճան բարձրության վրա, որը լրացուցիչ դժվարություններ կարող է առաջացնել, օրինակ, հոգեմետ դեղեր ընդունող հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց տեղաշարժի և հավասարակշռության պահպանման համար,
• ապահովված չէ խնամվողների՝ հեռախոսակապից օգտվելու լիարժեք հնարավորություն,
• հատուկ հաստատություններում, այդ թվում՝ հոգեբուժական կազմակերպություններում, իսկ կոնկրետ դեպքում՝ Կենտրոնում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի կարևոր բաղադրիչներից է աշխատակիցների սոցիալական երաշխիքների և աշխատանքային պայմանների բարելավման հարցը, որի անհրաժեշտությունը վերահաստատվել է նաև վերոնշյալ այցի ընթացքում,
• Կենտրոնի բուժանձնակազմը ոչ բավարար քանակի է,
• աշխատակիցների համար նախատեսված չեն սոցիալական բավարար երաշխիքներ և այլն:
Կենտրոնի կողմից իրականացվում է ձեռնարկատիրական գործունեություն, որի հետ կապված՝ այդ գործունեության արդյունքում ձեռք բերված շահույթի տնօրինման, գազասպառման, տնտեսություններում խնամվողների ներգրավվածության և մի շարք այլ հարցեր ունեն հատուկ ուսումնասիրման կարիք:
Դրական է այն, որ այցի ընթացքում խնամվողներն աշխատակիցների կողմից վատ վերաբերմունքի վերաբերյալ բողոքներ չեն ներկայացրել: Ավելին, խնամվողների կողմից մատնանշվել է առանձին աշխատակիցների նկատմամբ դրական վերաբերմունք՝ պայմանավորված նրանց բարեխղճությամբ: Առանձին աշխատակիցների բարեխիղճ աշխատանքն արձանագրել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը: Բացի այդ, Կենտրոնի մասնաշենքերի մուտքերը, ինչպես նաև որոշ սենյակների մուտքեր հարմարեցված են եղել տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց համար (արձանագրվել են թեքահարթակներ):
Խրախուսելի է նաև այն, որ Կենտրոնում առկա է ցերեկային խնամքի կենտրոն, որը ցերեկային ժամերին ապահովում է խնամվողների զբաղվածությունը, նրանց հետ տանում հոգեբանական աշխատանքներ:
Կենտրոնում արձանագրված խնդիրները ցույց են տալիս, որ շարունակվում են չլուծված մնալ հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ հրապարակային զեկույցում արձանագրված համակարգային խնդիրները:
Ակնհայտ է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից Կենտրոնի նկատմամբ չի իրականացվում բավարար վերահսկողություն։
Չնայած անձնային մակարդակում աշխատակիցների բարեխղճությանը՝ վերհանված խնդիրների և արձանագրված խախտումների գերակշիռ մասը, Մարդու իրավունքների պաշտպանի գնահատմամբ, նախարարության ու Կենտրոնի վարչակազմի կողմից անուշադրության մատնելու կամ դրանց պատշաճ ուշադրություն չդարձնելու հետևանք է։ Արդյունքում, խախտվում են Կենտրոնում խնամվողների իրավունքները՝ հանգեցնելով նաև նրանց արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, ինչպես նաև չեն ապահովում աշխատանքի պատշաճ պայմաններ ու բավարար սոցիալական երաշխիքներ աշխատակիցների համար։
Վերհանված բոլոր խնդիրների լուծման նկատմամբ Մարդու իրավունքների պաշտպանը շարունակելու է ցուցաբերել հետևողականություն:
Մշտադիտարկման ընթացքում աշխատանքներն իրականացվել են նախապես մշակված և հրապարակված ուղեցույցի հիման վրա՝ միջազգային պրակտիկայում ընդունված չափանիշներին համապատասխան ու հատուկ վերապատրաստում անցած մասնագետների կողմից: Այցերի ընթացքում, օբյեկտիվության սկզբունքին համապատասխան, արձանագրվել են ինչպես խախտումներ, այնպես էլ դրական զարգացումներ:
Արձանագրված խնդիրների մի մասը հաստատվել է նաև օրեր առաջ Մարդու իրավունքների պաշտպանի և ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի, պատգամավորներ Անի Սամսոնյանի ու Աննա Կարապետյանի հետ համատեղ այցի ընթացքում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1171 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
718 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար