1603 դիտում
11:55 05-02-2019
Ավստրալիայի Նյու Սաութ Վելսի նահանգային խորհրդարանում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն՝ ի պատիվ Գարեգին Բ Կաթողիկոսի
Փետրվարի 4-ին Ավստրալիայի Նյու Սաութ Վելսի նահանգային խորհրդարանում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ավստրալիա կատարած հովվապետական այցի առիթով:
Ամենայն Հայոց Կաթողիկոսին խորհրդարանում դիմավորեց նահանգապետուհի Գլադիս Բերեջիկլյանը:
Ընդունելության ընթացքում Վեհափառ Հայրապետին բարիգալստյան խոսքով ողջունեցին տիկին նահանգապետուհին և նահանգային խորհրդարանի պետարանի նախագահ տիար Ջոն Աջական:
Իր ողջույնի խոսքի մեջ նահանգապետուհին նշեց, որ Վեհափառ Հայրապետին ընդունում է երկու հանգամանքով, որպես պետական բարձրաստիճան պատասխանատու՝ նահանգապետուհի, և որպես հպարտ ու հարազատ զավակ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու:
Այնուհետև ընդունելության մասնակիցներին, նաև տարբեր Եկեղեցիների ու հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներին սրտագին բարեմաղթանքներով ողջունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` շնորհակալություն հայտնելով հանդիպման բարեպատեհ հնարավորության համար:
«Ձեր միասնական ներկայությունը այս հանդիպմանը գեղեցիկ վկայություն է հայ ժողովրդի, Հայ Եկեղեցու հանդեպ հարգանքի և բարեկամության:
Աստծո կամոք Մենք վերստին առիթն ունեցանք այցելելու Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմի Մեր սիրելի ժողովրդին՝ բերելու նրանց հայրենիքի, Սուրբ Էջմիածնի լույսն ու օրհնությունը, հայրական Մեր սերը և քաջալերանքը՝ հոգևոր միասնության, քրիստոնեական արժեքներին հավատարմության մեջ շարունակելու իրենց ազգային-եկեղեցական կյանքի առաջընթացը:
Մենք եկել ենք նաև Հայ Եկեղեցու և Մեր ժողովրդի երախտագիտությունը հայտնելու Ավստրալիո կառավարությանը, նահանգային, քաղաքային բարեսեր իշխանություններին, որ բարյացակամությամբ աջակցում են հայ համայնքին այս գեղատեսիլ մայրցամաքում կազմակերպելու ու զորացնելու հայոց ազգային-եկեղեցական կյանքը:
Ավստրալաբնակ հայորդիները, ի գնահատումն իրենց հանդեպ դրսևորված բարեկամական ու սիրառատ վերաբերմունքի, իրենց ձեռքբերումներն ու հաջողությունները ծառայեցնում են հյուրընկալ այս պետության բարգավաճմանը, հասարակական կյանքի զարգացմանը, մշակույթին ու գիտությանը: Այսպիսի հիանալի օրինակ է Նյու Սաութ Ուելս նահանգի վարչապետի բարձր պաշտոնը ստանձնած մեծազնիվ տիկին Գլադիս Բերեջիկլյանի գովարժան և արդյունավոր գործունեությունը, ով մեր ժողովրդի դուստրը և մեր Սուրբ Եկեղեցու հարազատ զավակը լինելով՝ իր կարևոր գործունեությամբ տարիներ շարունակ մեծ ներդրում է բերում Ավստրալիայի քաղաքական և հասարակական կյանքի առաջընթացին: Մենք մեծ ուրախությամբ տիկին Գլադիս Բերեջիկլյանին հանդիպել ենք հայրենի մեր երկրում՝ զգալով նրա հավատքի ու աստվածսիրության ջերմությունը, ազգասիրությունն ու հայրենասիրությունը: Հպարտ ենք, որ մեր ժողովուրդն ունի այսպիսի օրհնյալ զավակներ, ովքեր իրենց կյանքով ու գործով հավելում են պատիվն ու հեղինակությունը մեր ժողովրդի:
Մեզ համար, սիրելիներ, որպես Հայ Եկեղեցու հոգևոր պետի և առաջին սպասավորի, հոգու բերկրանք է տեսնել այն սերն ու հարգանքը, որ մեր ժողովրդի զավակները` իբրև արժանավոր և օրինապահ քաղաքացիներ, վայելում են Ավստրալիայում», - ասաց Վեհափառ Հայրապետը:
Իր խոսքում Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց նաև դարերի ընթացքում հայ ժողովրդի կողմից դիմագրաված փորձություններին և հայրենիքի առջև ներկայիս ծառացած մարտահրավերներին: «Դարերի ընթացքում մեր ժողովուրդը քրիստոնական իր հավատքով ստեղծեց բարձր մշակույթ, գիր ու դպրություն, հաղթահարեց բազում փորձություններ ու ավերներ, վերապրեց Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունը և այսօր իր նոր կյանքի հաղթանակներն ու հաջողություններն է կերտում: Լինելով վերստին անկախացյալ երիտասարդ պետություն, դիմագրավելով արդի ժամանակի մարտահրավերներն ու խնդիրները, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շրջափակումը, Հայաստանի ու Արցախի սահմաններում պատերազմական իրավիճակը՝ Հայաստանն իր հաստատուն քայլերն է կատարում` որպես ազատ, ժողովրդավար և իր հարևանների հետ խաղաղության ու համերաշխության ձգտող պետություն: Հայ ժողովրդի առջև կանգնած է նաև Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման և արցախահայության ազատ ու անկախ կյանքի արդար իրավունքի հաստատման կարևորագույն խնդիրը: Արցախի պետությունը պատմական Հայաստանի մաս և հայոց հող լինելով՝ Խորհրդային իշխանությունների կողմից բռնակցվել էր Ադրբեջանին, սակայն ինքնորոշման արդար սկզբունքով Արցախը հաստատեց իր անկախությունը և այսօր պայքարում է ազատ ապրելու իր իրավունքը պաշտպանելու համար», - նշեց Վեհափառ Հայրապետը:
Խոսելով ավստրալիահայ համայնքի ազգային ու հոգևոր կյանքի մասին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաստատեց, որ հայորդիների աշխույժ գործունեությունը նաև մեծ ու կարևոր նպաստ է Հայաստանի և Ավստրալիայի փոխհարաբերությունների և փոխգործակցության ամրապնդմանը: Վեհափառը հույս հայտնեց, որ երկրների բարեկամությունն ու համագործակցությունն առավել կարդյունավորվի դիվանագիտական առաքելությունների գործունեությամբ և Հայաստանի Հանրապետության և Ավստրալական Միության պատկան մարմինները առաջիկայում համապատասխան քայլեր կնախաձեռնեն դիվանագիտական կապերի հաստատման համար:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Տերն Իր երկնառաք շնորհները բաշխի Ավստրալիային և նրա ժողովրդին` պահելով սիրո, խաղաղության և համերաշխության մեջ:
Նմանատիպ նյութեր
1149 դիտում
20:21 22-07-2019
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է Ավստրալիայի Նյու Սաութ Ուելս նահանգի վարչապետին
1824 դիտում
22:24 30-07-2019
Ավստրալիայի Դաշնային խորհրդարանում տեղի է ունեցել ընդունելություն՝ ի պատիվ Արցախի պատվիրակության
Այս բաժնից
1585 դիտում
21:25 15-11-2024
Փակ կլինեն Նոր Նորք, Նորք-Մարաշ վարչական շրջանների որոշ փողոցներ
799 դիտում
21:13 15-11-2024
Քննարկվել է ջրային ոլորտին առնչվող հարցերի լայն շրջանակ
835 դիտում
21:00 15-11-2024
Հռոմում միջազգային համաժողով կանցկացվի՝ նվիրված Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը