211652_close_icon
views-count1494 դիտում article-date 13:14 01-02-2019

Կենդանաբանական այգու տնօրենը պարզաբանումներ տալու համար հրավիրվել է քաղաքապետարան

Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը հրավիրվել է Երևանի քաղաքապետարան` այգու մի քանի աշխատակիցների աշխատանքից ազատման վերաբերյալ պարզաբանումներ տալու: «[url=https://armenpress.am/arm/news/962751.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ, այս մասին փետրվարի 1-ին Երևանի քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա իրականացնող այգու նախկին աշխատակիցներին ասաց Երևանի մշակույթի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոշ Սարգսյանը: «Աշխատակիցների աշխատանքից ազատման պատճառներն ինձ մոտ են, և Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը հրավիրվել է ինձ մոտ, բայց քանի որ առաջինը դուք եկաք, ես ձեզ հետ եմ հանդիպում»,- ասաց Սարգսյանը: Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցները Երևանի քաղաքապետարանից պահանջում են կասեցնել կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի աշխատանքային լիազորությունները` այգում վերջին շրջանում գրանցված աղմկահարույց դեպքերի պատճառով: Սարգսյանը նշեց, որ իրենք որևէ մեկի շահը չեն պաշտպանում, և բոլոր բարձրաձայնված խնդիրները հստակ լուծումներ են ստանալու: Նոյեմբերի 13-ի առավոտյան կենդանաբանական այգում գրանցվել էր զեբրի անկում։ Կենդանուն թունավորելու դիտավորության կասկածով և հանգամանքները պարզելու համար հաղորդում էր տրվել ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին: Լաբորատոր հետազոտության տվյալներով, կենդանու արյան և մեզի մեջ հայտնաբերվել էր մեծ քանակությամբ մկնդեղի (արսեն) պարունակություն։ Զեբրի բուժումն իրականացվել է տեղացի և արտասահմանցի անասնաբույժների (Լեհաստան, Հոլանդիա, Էստոնիա, Ռուսաստան, Իրան, Վրաստան) խորհրդատվությամբ: Մասնագետների կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները: Նոյեմբերի 19-ին այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ իր նշանակվելուց ի վեր, քաղաքապետի փոփոխությամբ պայմանավորված, բարձրացել է նման ալիք՝ փոխել տնօրենին: Նրա խոսքով` ալիքի հետևում ամեն անգամ տարբեր մարդիկ են՝ նախկին և ներկայիս աշխատակիցներ, մարդիկ, ովքեր զբաղվում են կենդանիների առևտրով: Հունվարի 26-ին Երևանի կենդանաբանական այգու նախկին աշխատակիցները այգու տարածքում կազմակերպված բողոքի ակցիայի ընթացքում պահանջում էին տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը:

Նմանատիպ նյութեր