2881 դիտում
18:17 31-01-2019
«Կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին՝ զերծ մնալ փողոցային առևտուր իրականացնելուց». Երևանի քաղաքապետարանն անցել է գործնական քայլերի
Բացօթյա ապօրինի առևտրով զբաղվող քաղաքացիներին դեռ անցյալ տարվանից առաջարկում և նախազգուշացնում էին` չխախտել օրենքն ու տեղափոխվել շուկաներ: Հունվարից Երևանի քաղաքապետարանն անցել է գործնական քայլերի:
«Այս պահի դրությամբ մենք ունենք գրեթե 90 տոկոսանոց արդյունք: Բացատրական աշխատանքների փուլն արդեն կարող ենք համարել փակված, այժմ անցնում ենք կոշտ վարչարարության և, առիթից օգտվելով, կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին՝ զերծ մնալ փողոցային առևտուր իրականացնելուց»,- նշում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության պետի ժ/պ Հովիկ Սաֆարյանը:
Երևանում այսօր գործում է գյուղմթերքի 24 շուկա, որտեղ կա 1540 ազատ տեղ: Նախորդ դարի կեսերին կառուցված Կոմիտասի շուկայի անսովոր արձագանքող լռությունն ու տաղավարների փոշին պատմում է կոլորիտային այս վայրի ներկայի մասին: Տնօրենի հետ պայմանավորվածությամբ՝ առաջին երկու ամիսը տաղավարները քաղաքացիները կարող են վարձակալել անվճար:
Մանրածախ, նաև մեծածախ վաճառքի հարմարավետ պայմաններ է ապահոված նաև Էրեբունիում՝ անմիջապես Կայարանի հարևանությամբ: Աշխատանքներ են տարվում նաև վարչական շրջանում նոր փոքր շուկա հիմնելու համար:
Նոր Նորքում բացօթյա առևտրի հիմնական հասցեն Սաֆարյան փողոցն էր: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց տանող հիմնական ճանապարհն ամեն օր խցանված էր, մայթերը՝ ծանրաբեռնված սննդով՝ չնայած կողք կողքի գործում են և՛ բացօթյա, և՛ փակ շուկաները:
Չնայած վարչական շրջանում առևտրի համար առկա պայմաններին և արտոնություններին՝ մի շարք քաղաքացիներ շարունակում են բողոքել՝ պահանջելով, օրինակ, քանդել նախկին շուկայի տարածքում կառուցված առևտրի կենտրոնը: Սա այն դեպքում, երբ ներկայիս շուկան՝ գյուղմթերքի մեծածախ ու մանրածախ առևտրի հնարավորություններով հանդերձ, տեղակայված է հենց կենտրոնի տարածքում:
Ավելի վաղ քաղաքացիներից մի քանիսը, ընդգծելով վարկային բեռն ու ընտանիք պահելու հոգսի հանգամանքը, փողոցային առևտուրը վերացնելու պահանջին դեմ արտահայտվեցին՝ փակելով ճանապարհը սեփական, այդ թվում արտասահմանյան արտադրության թանկարժեք մեքենաներով:
Փողոցային առևտրով զբաղվող մի խումբ քաղաքացիներ, սակայն, հրաժարվում են շուկաներ տեղափոխվել: Դժգոհում են, բողոքում՝ պահանջելով թույլատրել անօրինական առևտուրը կամ հատուկ իրենց համար տեղեր հատկացնել:
Քաղաքապետարանը պատրաստ է քննարկել և հատկացնել առանձին տեղեր, բայց ոչ օրենքին հակասող:
Փողոցային առևտուրը եկեղեցու բակում, մեկ այլ դեպքում՝ Մաշտոցի պողոտայում՝ մշակութային շենքի տարածքում կամ էլ անմիջապես կանգառի մոտ. առևտրականների առաջարկներն են:
Քաղաքացիների մի մասի համար փողոցում առևտուրը լուծում է օրվա հացի խնդիր, ոմանց համար, սակայն, հարկային դաշտից խուսափելու և բիզնեսն ընդլայնելու հնարավորություն է:
Առևտրականների հետ քննարկումները կշարունակվեն այնքան, մինչև խնդիրը վերջնական լուծում ստանա: Իսկ մինչ այդ փողոցային առևտուրն արգելելու նպատակով քաղաքապետարանը ոստիկանության հետ սահմանել է նաև երեկոյան հերթապահություն:
«Հյուսիսային պողոտայում բացօթյա ապօրինի առևտուր իրականացնելիս հայտնաբերվել է նախկինում 3 անգամ դատապարտված անձ, ով փողոցային առևտրի մեջ էր ներգրավել 14-ամյա դեռահասի: Դեպքի առնչությամբ ոստիկանության հետ համատեղ ձեռնարկվել են համապատասխան քայլեր»,- նշել է Հովիկ Սաֆարյանը:
Փողոցային անօրինակ առևտուրը վերացնելը ոչ միայն օրենքի, այլև քաղացիների պահանջն է՝ ունենալ մաքուր փողոցներ և առողջարար սննդամթերք:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
490 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները
328 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց