15289 դիտում
21:42 26-01-2019
Նիկոլ Փաշինյան. ՀՀ քաղաքացիները պետք է համոզված լինեն, որ ոստիկանության միակ նպատակն իրենց իրավունքները, անվտանգությունը և ազատությունները ապահովելն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է ՀՀ ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստին, որի շրջանակում ամփոփվել են ՀՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2018 թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը նախ ներկայացրել է 2018 թ. հասարակական կարգի և անվտանգության ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքները: Նրա խոսքով՝ 2018 թ., ունենալով ներքաղաքական առումով պայմանավորված ծանրաբեռնված օրակարգ, ոստիկանությունն ընդհանուր առմամբ կատարել է իր առջև դրված խնդիրները. օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ վերահսկել է ընդհանուր օպերատիվ իրավիճակը: Ապրիլ-մայիս ամիսներին ոստիկանության գրեթե բոլոր ստորաբաժանումները ներգրավված են եղել ներքաղաքական զարգացումների ընթացքում հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման աշխատանքներում: Բացի այդ, պատկան մյուս գերատեսչությունների հետ համատեղ ոստիկանության ծառայողները ներգրավված են եղել նաև 2018 թ. համապետական և միջազգային նշանակության զանգվածային միջոցառումների պատշաճ կազմակերպման և անցկացման աշխատանքներում: Ոստիկանության զորքերի ծառայողները 2018 թ. օգոստոսից ներգրավվել են մարտական հերթապահության ՀՀ պետական սահմանի պահպանության գործում:
ՀՀ ոստիկանապետը զեկուցել է 2018 թ. հանրապետությունում օպերատիվ իրավիճակի, հանցավորության շարժընթացում առկա հիմնական միտումների, հանցագործությունների բացահայտման վիճակի և աշխատանքների արդյունավետության, այդ նպատակով ներդրված նոր մեխանիզմների, ինչպես նաև ոստիկանությունում օրինականության պահպանման ուղղությամբ ձեռնարկված քայլերի վերաբերյալ: Վ. Օսիպյանը նշել է, որ ոստիկանությունը, հաշվի առնելով հանցավորության շարժընթացում առկա խնդիրները, հանդես է գալու գողությունների, այդ թվում՝ բնակարանային, կանխարգելման և բացահայտման աշխատանքների բարելավմանն ուղղված համալիր ծրագիր մշակելու նախաձեռնությամբ՝ քննարկումներում ներգրավվելով բոլոր գերատեսչությունները: Ծրագիրը վերջնական տեսքի բերվելուց հետո կներկայացվի կառավարության քննարկմանը:
Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է իր դիտարկումները ոստիկանության վերջին ամիսների աշխատանքի վերաբերյալ. «Ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ ոստիկանությունը կատարում է իր առջև դրված խնդիրները, և կարող ենք արձանագրել մի քանի արդյունքներ, որոնք տեղի են ունեցել այդ թվում ոստիկանության կարևոր մասնակցությամբ.
Առաջին՝ մայիսից այս կողմ Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների և ընտրական գործընթացների բացառիկ որակը, և պետք է արձանագրեմ, որ այս հարցում իսկապես ոստիկանությունը շատ կարևոր դերակատարում է ունեցել, մասնավորապես, ընտրակաշառքների մեխանիզմի հնարավոր կանխարգելման գործում: Մենք չգիտենք՝ 100 տոկոսով ենք այդ խնդիրը լուծել, թե ոչ, բայց որ որպես համակարգային պրոբլեմ մեզ հաջողվել է հաղթահարել ընտրակաշառքի միջոցով և ընդհանրապես ընտրական գործընթացում քաղաքացիների կամքի աղավաղումը, դա փաստ է և այդտեղ ոստիկանության դերը չափազանց մեծ է:
Երկրորդ՝ ոստիկանության զորքերի ծառայությունը աջակցությունը Հայաստանի զինված ուժերին պետական սահմանի պահպանության գործում: Ես սա իսկապես համարում եմ հեղափոխական նշանակության փոփոխություն և ուզում եմ ևս մեկ անգամ հատուկ շնորհակալություն հայտնել ոստիկանության զորքերին, այն ծառայողներին, ովքեր ստանձնել են հայրենիքի սահմանները պաշտպանելու, պահպանելու այդ կարևոր պարտականությունը:
Կարծում եմ, որ ոստիկանության և հանրության հարաբերություններում հսկայական տեղաշարժեր են տեղի ունեցել, և հանրության վերաբերմունքը նաև այս գործընթացների արդյունքում կարող ենք գնահատել որպես դրական», - նշել է կառավարության ղեկավարը:
Խոսելով համակարգային խնդիրների մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները շոկային ազդեցություն ունեցան նաև ոստիկանության համակարգի վրա, և նոր իրավիճակում, նոր Հայաստանում ոստիկանության դերը, գործառույթները, պահվածքի և վարվելակերպի կանոնները պետք է հստակեցվեն: «Կցանկանայի ընդգծել 2 սահման՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը չի կարող լինել սեփական քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժ կիրառող մարմին, մյուս կողմից՝ ոստիկանությունը չի կարող դիտորդի նման հետևել, թե ինչպես են տեղի ունենում իրավիճակներ, երբ քաղաքացիների իրավունքները սահմանափակվում են: Այստեղ հստակ բանաձևեր չկան, բայց հանրային քննարկումների արդյունքում պետք է հասնենք մի իրավիճակի, որտեղ ոստիկանությունը լինի հստակ իրավակարգի երաշխավորը, և դրանում չլինի քաղաքական կողմնակալության որևէ էլեմենտ: Շատ կարևոր է իրավապահ համակարգի կայունության որոշակի երաշխիքներ ստեղծելը», - ընդգծել է վարչապետը: Այս համատեքստում կառավարության ղեկավարը կարևորել է ոստիկանության կարգավիճակի հարցը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ համակարգային լուրջ փոփոխություններից է ՃՈ-ում նախատեսվող ռեֆորմը. «Առաջիկայում մեր ամենակարևոր բարեփոխումներից մեկը Ճանապարհային ոստիկանության բարեփոխումն է՝ Պարեկային նոր ծառայության հիմնադրումը, որը բազմաֆունկցիոնալ կլինի: Դա շատ կարևոր բարեփոխում է, որը հսկայական ֆինանսական միջոցներ է պահանջում, բայց մենք որոշել ենք գնալ այդ ճանապարհով, քանի որ բարեփոխումները կիսատ-պռատ չպետք է լինեն. պետք է լավագույն տեխնիկական և կազմակերպչական ապահովվածություն լինի, որպեսզի բարեփոխումն իր նպատակին ծառայի»: Կառավարության ղեկավարն ընդգծել է նաև ոստիկանության ծառայողների վարձատրության համակարգում այս տարի նախաձեռնված փոփոխությունների կարևորությունը: «Այս հարցի հետ կապված տարբեր տեսակետներ և կարծիքներ կարող են լինել հանրության, փորձագիտական շրջանում, սոցիալական ցանցերում, բայց կարծում եմ՝ սա հստակ և ճիշտ ճանապարհ է, որովհետև եթե մենք հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարում ցանկանում ենք երկարատև արդյունքներ ունենալ, պետք է գնանք այդ թվում նաև ոստիկանության ծառայողների վարձատրության չափերի շարունակական աճի ճանապարհով: Ընդ որում՝ այդ աճն իրենց վրա պետք է զգան առաջին հերթին շարքային կազմի ծառայողները, որոնք, ըստ էության, հանցավորության դեմ պայքարի առաջնագծում են: Հույս ունեմ, որ այն փոփոխությունները, որ մենք այս առումով ձեռնարկում ենք, իրենց դրական արդյունքը կտան», - նշել է վարչապետը՝ միաժամանակ կարևորելով կառուցվածքային բարեփոխումների իրականացումը, ինչը թույլ կտա բարձրացնել ոստիկանության գործունեության արդյունավետությունը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը անկյունաքարային նշանակություն ունի երկրի հետագա զարգացման համար:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ ամենակարևոր առաջնահերթությունն արտաքին և ներքին առումով անվտանգության ապահովումն է: «Ընդ որում ներքին անվտանգություն ասելով մենք չենք հասկացել երբեք ու երբևէ չենք հասկանալու քաղաքացիների իրավունքների և ազատությունների սահմանափակում, ընդդիմության գործունեության սահմանափակում և այդպես շարունակ: Անվտանգություն ասելով նկատի ունենք իրավակարգը՝ բառիս բուն իմաստով, և կարծում եմ, որ վերջին 9 ամիսները ցույց են տվել, որ մեր կառավարությունն ամենևին ոչ միայն հակված չէ, որպեսզի Հայաստանի զինված ուժերը, ոստիկանությունը, մյուս իրավապահ մարմինները ներքաշվեն քաղաքական գործընթացների մեջ և դառնան քաղաքական իրադարձությունների կողմ, այլ, հակառակը, կարողացել ենք ապահովել, որ նման բան տեղի չունենա, և սա ամենակարևոր արձանագրումն է:
Ընդհանուր առմամբ, ոստիկանության առջև դրվող խնդիրը կարելի է ձևակերպել հետևյալ կերպ. ոստիկանությունը պետք է լինի ուժեղ, պետք է գործի օրենքի տառին համապատասխան, և Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է համոզված լինեն, որ ոստիկանության ծառայության միակ նպատակը իրենց իրավունքները, անվտանգությունը և ազատությունները ապահովելն է: Շատ կարևորում եմ ոստիկանության ուժեղ լինելու հանգամանքը, բայց ուզում եմ ընդգծել, որ ուժեղ չի նշանակում բիրտ, ապօրինություններ, ամենաթողություն գործող, ուժեղ նշանակում է քաղաքացիների նկատմամբ հարգալից, օրենքի նկատմամբ խիստ և քաղաքացիների իրավունքների նկատմամբ հավասարակշռված վերաբերմունք ցույց տվող:
Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները միջազգայնորեն ազատ, արդար, ժողովրդավարական և օրինական ճանաչված ընտրություններով ձևավորված կառավարություն ունեն, և այդ կառավարության թիվ մեկ պատասխանատվությունն է երկրում բնականոն կյանքն ապահովելը և մարդկանց ազատությունները և իրավունքները ապահովելը: Մարդիկ կարող են իրենց կարծիքները բարձրաձայնել, Հայաստանում խոսք անգամ լինել չի կարող հավաքների, երթերի, ցույցերի ազատության սահմանափակման վերաբերյալ, բայց դա չի նշանակում, որ ով ում հետ ինչ խնդիր ունի, պետք է միջպետական մայրուղիներ փակեն, մաքսակետեր փակեն: Այսինքն՝ մարդիկ մաքսանենգություն իրականացնելու իրենց իրավունքը պաշտպանելու համար ճանապարհ են փակում, ասում են՝ մեզ չեք թողնում, որ մենք մաքսանենգությամբ զբաղվենք: Իհարկե, չենք թողնում և չենք թողնելու», -շեշտել է վարչապետ Փաշինյանը:
Այս համատեքստում կառավարության ղեկավարն անդրադարձել է ժողովրդավարական կառավարման վերաբերյալ ձևավորված կարծրատիպին. «Շատերին թվում է, թե ժողովրդավարությունն այն է, որ ով երբ ինչ ուզում է՝ պետք է անի: Ժողովրդավարությունն ամենախիստ իրավակարգ ունեցող համակարգն է, որովհետև օրենքի գերակայությունը ժողովրդավարության առանցքային պայմաններից է. այնտեղ, որտեղ չկա օրենքի գերակայություն, չի կարող լինել ժողովրդավարություն, այնտեղ, որտեղ չկա օրենքի գերակայություն, ժողովրդավարության տանիքի ներքո մենք շատ արագ կբախվենք ամենաթողության հետ:
Մենք այս ուղերձը պետք է շատ հստակ հղենք, ՀՀ քաղաքացիների և ոստիկանության հարաբերությունները պետք է լինեն բարձր մակարդակի վրա, պետք է ունենանք փոխադարձ վստահության աճող դինամիկա, բայց մյուս կողմից որևէ մեկը չպետք է մտածի, որևէ մեկի մտքով չպետք է անցնի, թե ժողովրդավարությունը թուլություն է. այն չէ և չի կարող լինել թուլություն, առավել ևս՝ այսօրվա Հայաստանում: Սրանք շատ կարևոր արձանագրումներ են, և հույս ունեմ, որ իրական կյանքում դրանց արտահայտումը շատ արագ կտեսնենք, ինչի արդյունքը կլինի ոստիկանության և հանրության փոխադարձ ըմբռնման, իրավակարգի, անվտանգության մակարդակի բարձրացումը, հանցավորության մակարդակի նվազումը, բացահայտումների բարձր և բարձրացող մակարդակը և դինամիկան»:
Վարչապետն ընդգծել է նաև՝ կոռուպցիոն երևույթների դեմ պայքարը շարունակական է լինելու. «Ուզում եմ շատ հստակ արձանագրենք, որ կոռուպցիոն երևույթների նկատմամբ լինելու է զրո հանդուրժողականություն: Հույս ունեմ, որ ոչ ոք չի մտածում, թե մենք կարող ենք այդ ցիկլի մեջ մտնել, որ մեկ, երկու, երեք ամիս հետո ամեն ինչ կվերադառնա ի շրջանս յուր: Ոչ մի բան ոչ մի տեղ չի վերադառնալու, մենք գնալու ենք առաջ»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2238 դիտում
16:31 16-07-2020
Առաջընթացի միակ ուղին դինամիկ զարգացում ապահովելն է. կիսամյակային աշխատանքային հաշվետվություններ
Այս բաժնից
1195 դիտում
22:24 24-12-2024
Ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները ևս մեկ հնարավորություն ունեն
835 դիտում
22:04 24-12-2024
Ի՞նչ է ցանկանում Նիկոլը խոսել նախագահների հետ․ Արտակ Զաքարյան
952 դիտում
21:40 24-12-2024
Սահակ Գրիգորյանը Քրեակատարողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին