1443 դիտում
21:28 25-01-2019
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորընտիր նախագահ Արարատ Միրզոյանին
Հունվարի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորընտիր նախագահ Արարատ Միրզոյանին:
Շնորհավորելով պրն. Միրզոյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու առիթով` Նորին Սրբությունը մաղթեց, որ նրա պաշտոնավարումը նշանավորվի բարի արդյունքներով երկրի բարօր ու օրհնյալ կյանքի համար:
Վեհափառ Հայրապետը, խոսելով պետական, ազգային և հասարակական կյանքում Ազգային ժողովի կարևոր դերակատարության մասին, մասնավորապես շեշտեց օրենսդրական կարգավորումներով հայրենի երկրի առջև ծառացած խնդիրների լուծման և առաջընթացի ապահովման, ինչպես նաև միջխորհրդարանական կապերի և խորհրդարանական դիվանագիտության խթանման անհրաժեշտությունը: Նորին Սրբությունը հավելեց, որ օրենքները պետք է ստեղծվեն սիրով և ծառայեն բարուն` նպաստելով պետության զորացմանն ու զարգացմանը, ժողովրդի կյանքում բարիքի առատացմանը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ Ազգային ժողովի պատգամավորների կրթադաստիարակչական առաքելությանը, քաղաքական բանավեճերը և քննարկումները փոխադարձ հարգանքի և հանդուրժողականության մթնոլորտում վարելու կարևորությանը, ինչը նաև դաստիարակչական նշանակություն պիտի ունենա և բարի օրինակ լինի աճող սերնդի համար:
Ամենայն Հայոց Հայրապետը անդրադարձ կատարեց նաև Մայր Աթոռի և ՀՀ Ազգային ժողովի միջև ձևավորված համագործակցությանը` նշելով, որ Եկեղեցու առաքելությունը ծառայությունն է ժողովրդին: Այս իմաստով Նորին Սրբությունը հաստատեց, որ ինչպես անցյալում, այնպես և այսօր Հայոց Եկեղեցին շարունակելու է իր օգտակարությունը բերել օրենսդիր մարմնին ազգային, կրոնական, հասարակական խնդիրներին վերաբերող հարցերում, նպաստել Հայաստանի և Սփյուռքի ներուժի համախմբմանը հանուն հայրենիքի պայծառության, խաղաղ ու ապահով կյանքի:
Իր հերթին ՀՀ ԱԺ նախագահն ընդգծեց, որ հասարակությունը մեծ ակնկալիքներ ու սպասումներ ունի 7-րդ գումարման Ազգային ժողովից: Տիար Արարատ Միրզոյանն իր մտորումները ներկայացրեց առկա մարտահրավերների հաղթահարման գործում խորհրդարանի առաքելության և պատգամավորների դերակատարության առնչությամբ: Այս համատեքստում ԱԺ նախագահը ևս կարևորեց Եկեղեցի-պետություն համագործակցությունը:
Զրույցի ընթացքում Գարեգին Բ Հայրապետը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին ներկայացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կրթական, սոցիալական ծրագրերը, տեղեկություններ փոխանցեց Եկեղեցու գործունեության վերաբերյալ:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերստին իր օրհնությունն ու մաղթանքները բերեց ՀՀ ԱԺ նախագահին:
Նմանատիպ նյութեր
1343 դիտում
21:46 15-06-2022
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Իրաքի հայոց թեմի նորընտիր առաջնորդին
Այս բաժնից
481 դիտում
16:52 12-12-2024
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում, Աբովյանում, Հրազդանում և Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է
544 դիտում
15:50 12-12-2024
Աշտարակի համայնքային ոստիկանները հրազեն և փամփուշտներ են հայտնաբերել