211652_close_icon
views-count1677 դիտում article-date 20:02 17-01-2019

Երևանում ծառերը չվնասելու համար տեղադրվել են ճանապարհային հատուկ «կանաչ» նշաններ

Մայրաքաղաքի կանաչ տարածքների պահպանման նպատակով Երևանի քաղաքապետարանը հանդես է եկել խորհրդանշական նախաձեռնությամբ: Բուզանդի փողոցի՝ Մաշտոցի պողոտա-Սարյան փողոց հատվածի բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքներից հետո երթևեկելի մասին և ավտոկայանտեղիին անմիջապես հարող ծառերը չվնասելու համար տեղադրվել են հատուկ «կանաչ» նշաններ: «Այդ հատվածում մենք ունեինք խնդիր և պետք է գտնվեր այնպիսի լուծում, որ փողոցի երթևեկելի գոտում գտնվող կենսունակ այդ ծառերն իրենց բնապաժակներով պահպանվեին: Տեղափոխել դրանք հնարավոր չէր, քանի որ 15-20 տարեկան էին»,- նշում է քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը: Զիջելու նշան՝ մեջտեղում սրտաձև ծառի պատկեր: Ճանապարհային ոստիկանության հետ քննարկումներից հետո ընտրված այս նշանը քաղաքացիներին զգուշացնում և հորդորում է՝ պահպանել բնությունն ու խնամքով վերաբերվել: Նման ևս մեկ նշան է տեղադրվել Բրազիլիայի հրապարակի հարևանությամբ գտնվող ծառին: Երեկոյան ժամերին անվտանգ երթևեկ ապահովելու համար փակցված նշանները լուսաանդրադարձիչ են: Անհրաժեշտությունից ելնելով՝ առաջիկայում «կանաչ» նշաններ կտեղադրվեն նաև մայրաքաղաքի այլ հատվածներում: «Յուրաքանչյուր ծառ մեր քաղաքի համար կարևոր է: Այս առումով՝ ծառերի և կանաչ տարածքների խնամքի համար միջոցներ չենք խնայելու: Քաղաքային նոր ձևավորվող մշակույթի նպատակը ծառերի և, առհասարակ, բնության նկատմամբ հոգատարության բարձրացումն է: Դրանք ընդգծում են նաև քաղաքային իշխանության մոտեցումները»,- ասում է Խաչիկ Հակոբյանը:

Նմանատիպ նյութեր