211652_close_icon
views-count5760 դիտում article-date 23:40 16-01-2019

Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում բացվել է «Հայաստան. առասպելների երկիր» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունվարի 15-ին Ջակարտայում՝ «Անտարա» լրատվական գործակալության ընդունելությունների տանը տեղի ունեցավ «Հայաստան. առասպելների երկիր» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի բացումն ու համանուն գրքի շնորհանդեսը: Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ դեսպանության կողմից՝ «Անտարա» լրատվական գործակալության հետ համագործակցությամբ, որին ներկա էին Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարարության, Ջակարտայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, ինդոնեզական լրատվական գործակալությունների և զբոսաշրջային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Ինդոնեզիայի ամենահին ու խոշոր «Անտարա» լրատվական գործակալության նախագահ-տնօրեն Մեիդյատամա Սուրիյոդինինգրատն (President-Director of Antara News Agency Mr. Medyatama Suryodiningrat), ով իր խոսքում նշեց, որ գրքի լույս ընծայումը հնարավորություն կտա մեծամասամբ Հայաստանին անտեղյակ ինդոնեզական հասարակությանը բացահայտելու հրաշքներով լի այդ երկիրը՝ նպաստելով փոխայցելությունների ավելացմանն ու դրանց միջոցով երկու ժողովուրդների միջև ճանաչողության մեծացմանը: ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը հանդես եկավ ողջույնի խոսքով, որում անդրադարձ կատարեց հայկական համայնքի պատմությանն Ինդոնեզիայում: Ելույթներից հետո ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, «Անտարա» լրատվական գործակալության նախագահ-տնօրեն Մեիդյատամա Սուրիյոդինինգրատն ու Ինդոնեզիայի ԱԳՆ Ամերիկայի և Եվրոպայի հարցերով գլխավոր տնօրեն Մուհամադ Անշորը կատարեցին ցուցահանդեսի բացումը՝ ստորագրելով գրքի ցուցապաստառի վրա: Ցուցահանդեսը տևելու է մինչև հունվարի 23-ը: ՀՀ դեսպանը և «Անտարա» լրատվական գործակալության գլխավոր տնօրենը գրքի մեկ օրինակը պաշտոնապես հանձնեցին Ինդոնեզիայի ԱԳՆ գլխավոր տնօրենին՝ որպես Ինդոնեզիայի իշխանությունների ներկայացուցչի: Վերջինս իր շնորհակալական խոսքում գոհունակությամբ կարևորեց Հայաստանը ներկայացնող լուսանկարների գրքի հրատարակումը, նշելով, որ այն նոր հեռանկարներ կբացի երկու երկրների փոխգործակցության զարգացման և բարեկամության ամրապնդման համար: Միջոցառման պաշտոնական մասին հաջորդեց հայկական ուտեստներով և խմիչքներով հյուրասիրությունը, որտեղ ներկայացվեցին նաև հայկական գինիներն ու կոնյակը: «Հայաստան. առասպելների երկիր» գիրքը տպագրվել է 2018թ.-ին «Անտարա» լրատվական գործակալության և ՀՀ դեսպանության ջանքերով: Գրքի նախապատրաստական աշխատանքներին իր օժանդակությունն է բերել նաև «Արմենպրես» լրատվական գործակալությունը: Այն Հայաստանի մասին պատմող առաջին գիրքն է, որ տպագրվել է ինդոնեզերեն և անգլերեն լեզուներով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր