Դրամի հնարավոր արժեզրկման մասին լուրերն ապատեղեկատվություն են. Արթուր Ստեփանյան
Դրամի արժեզրկում Հայաստանում չի սպասվում և հնարավոր արժեզրկման մասին շրջանառվող լուրերը զուրկ են որևէ հիմքից: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը՝ անդրադառնալով լուրերին, թե Ամանորից հետո դրամն արժեզրկվելու է:
«Մեզ ոչ դեֆոլտ, ոչ էլ արժեզրկում չի սպասվում»,-ասաց նա։
Հավելեց, որ արժութային շուկաները հանգիստ են, խուճապային տրամադրություն չի նկատվում:
Կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը, որպես ասվածի ապացույց, նշեց, որ ունենք դրամային ավանդների աճ, դոլարային ավանդների կրճատում: «Մարդիկ սկսել են ավելի շատ վստահել դրամին: Այս տարվա հոկտեմբերի վերջի դրությամբ ունենք թե դրամային, թե արտարժութային ավանդների աճ, սակայն դրամականով ավելի շատ»,-նշեց նա:
Գրիգորյանի խոսքով՝ այս տարի ունենք նաև կապիտալի ավելի շատ աճ: