2228 դիտում
15:28 02-12-2018
Նիկոլ Փաշինյանը կառավարման համակարգում հակակշիռների և փոխզսպումների մեխանիզմների ներդրման անհրաժեշտություն է տեսնում
«Իմ քայլ»-ը դաշինքի ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չի կարծում, որ պետք է ՀՀ Սահմանադրությունը գլոբալ փոփոխությունների ենթարկել, սակայն, ըստ նրա՝ մի քանի դրույթներ խնդրահարույց են: Ինչպես տեղեկացնում է [url=https://armenpress.am/arm/news/956604.html]«Արմենպրես»[/url]-ը, Սիսիանում տեղի ունեցած «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ Փաշինյանը նշեց, որ իրենց նախընտրական ծրագրում Սահմանադրության գլոբալ փոփոխության մասին ոչինչ չեն գրել, որովհետև Սահմանադրություն փոխելը և պետական կառավարման համակարգ փոխելը պետք է արդարացված լինի:
«Պատկերացնում եք՝ ամեն ընտրությունից հետո գալ, Սահմանադրություն փոխել: Հիմա այս սահմանադրությունը ընդունվել է և ընդամենը 7 ամիս է ուժի մեջ: Եկեք թողենք, մի քիչ աշխատի: Եթե տեսնենք, որ պետք է կառավարման խորհրդարանական համակարգը փոխել և նորից վերադառնալ նախագահական համակարգին, իհարկե, մենք կաշկանդված չենք այդ հարցում: Եթե ժողովուրդը դա ցանկանա, մենք դա կանենք»,- ասաց Փաշինյանը:
Միևնույն ժամանակ վարչապետի պաշտոնակատարը կարծում է, որ Սահմանադրության մեջ կան դրույթներ, որոնք պարտադիր պետք է փոխել:
«Օրինակ՝ Սահմանադրությամբ ասվում է, որ Ազգային ժողովի պատգամավոր և նախարար կարող են լինեն այն մարդիկ, ովքեր վերջին չորս տարում եղել են միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի և մշտապես բնակվել են Հայաստանի Հանրապետությունում: Եթե պատգամավորի դեպքում այս մոտեցումը համարում ենք արդարացված, գործադիր իշխանության պարագայում, կարծում ենք, որ սա որոշակի սահմանափակումներ է դնում սփյուռքի ներուժը Հայաստանի կառավարման համակարգ ներգրավելու համար: Մենք պետք է մտածենք, որ նույնիսկ պատգամավորի դեպքում կարելի է մտածել՝ արժի՞ փոխել, թե՝ չփոխել»,- նկատեց Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով՝ պետք է նաև լուրջ քայլեր ձեռնարկվեն կառավարման համակարգում հակակշիռների և փոխզսպումների հստակ մեխանիզմներ ներդնելու ուղղությամբ, սակայն, դա այնպես անել, որ չխախտվի համակարգի ուղղաձիգ բուրգը և հստակ լինի, թե ով է երկրի ղեկավարը:
«Շատ են ասում այն մասին և ես նույնպես, որ այս Սահմանադրությունը սուպերվարչապետական Սահմանադրություն է, և մենք, իհարկե, շատ լուրջ քայլեր պետք է ձեռնարկենք, որպեսզի հակակշիռների և փոխզսպումների հստակ մեխանիզմ ունենանք, որպեսզի մեր երկրում բռնապետություն և անձնիշխանություն հաստատելու բոլոր հնարավորությունները վերանան և սահմանափակվեն: Բայց այս նպատակի հետևից գնալիս պետք է ուշադիր լինել մեկ ուրիշ հարցում: Շատ կարևոր է չխախտել իշխանության ուղղաձիգ բուրգը, որովհետև երկիրը պետք է լինի կառավարելի: Չի կարող պետությունում լինել այնպես, որ հստակ չլինի, թե ով է երկրի ղեկավարը: Դա պոտենցիալ ճգմաժամ է երկրի համար և դա անընդհատ ցնցումների առիթ կարող է հանդիսանալ: Այո, այս Սահմանդրությամբ հստակ է, որ երկրի ղեկավարը վարչապետն է , բայց ես համաձայն եմ, որ պետք է լինի փոխզսպումների և հակակշիռների մեխանիզմ, որպեսզի իշխանության տարբեր թևեր իրար կարողանան վերահսկել»,- եզրափակեց Փաշինյանը:
Նմանատիպ նյութեր
2428 դիտում
13:38 30-01-2019
Տիգրան Ավինյանը պետական համակարգում աշխատավարձերը մրցունակ դարձնելու անհրաժեշտություն է տեսնում
1562 դիտում
14:54 19-03-2019
Նիկոլ Փաշինյանը Սահմանադրությունում փոփոխությունների անհրաժեշտություն այս պահին չի տեսնում
Այս բաժնից
859 դիտում
12:24 26-12-2024
Ջրային կոմիտեի նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել
1591 դիտում
11:33 26-12-2024
Հիսուսի արձանի լուսանկարը՝ ռուսական լրատվամիջոցների լավագույնների շարքում (տեսանյութ)