211652_close_icon
views-count1663 դիտում article-date 22:32 28-11-2018

«Մենք խաբկանքների, կոսմետիկ լուծումներ տալու ցանկություն չունենք». Տիգրան Վիրաբյանը ստուգայց է կատարել կրթամշակութային օջախներում

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանն աշխատանքային ստուգայցով եղել է մայրաքաղաքի մի շարք կրթամշակութային օջախներում: Տիգրան Վիրաբյանը նախ այցելել է քաղաքապետարանի ենթակայության Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան, ծանոթացել գործունեությանն ու ընթերցողների համար ստեղծված պայմաններին: Այս գրադարանից ամեն օր շուրջ 1500 ընթերցող է օգտվում: Էլեկտրոնային գրացուցակների ներդրված համակարգն ու գրադարանային գործառույթների ավտոմատացման ծրագիրը կիրառվում է գրադարանի բոլոր բաժիններում: Այսօր ընթերցողներին առաջարկում է նաև շուրջ 1 մլն 200 000 միավոր թվայնացված գրականություն, որը մատչելի է բոլորին՝ շուրջօրյա: Կարևորելով ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը՝ Երևանի քաղաքապետի տեղակալն ընդգծել է, որ հաջողված այս փորձը պետք է ներդնել նաև մայրաքաղաքի մյուս գրադարաններում: Օգտվելով առիթից՝ փոխքաղաքապետը գրանցվել է գրադարանում: Տիգրան Վիրաբյանը տնօրենին առաջարկել է գրադարանում առկա գրականությունը տրամադրել նաև սահմանամերձ գյուղերի գրադարաններին: Երևանի քաղաքապետարանի պատանի հանդիսատեսի թատրոնում Տիգրան Վիրաբյանը մի շարք խնդիրներ է առանձնացրել՝ մասնավորապես ջեռուցման, տանիքի վերանորոգման, հանդերձարանների ու դիմահարդարման սենյակների առնչությամբ: Նա նշել է, որ իր համար անընդունելի է թատրոնի շենքում ոչ բավարար ջերմաստիճանի ապահովումը: «Լեփ-լեցուն դահլիճով ներկայացում ունեցող թատրոնը նման խնդիրներ չպետք է ունենա: Հրամցվող պատկերը, որ տեսնում եմ համացանցում և թատրոնում, տարբեր բաների մասին են վկայում: 360 տեղանոց դահլիճում 20 ներկայացում՝ դա նշանակում է 7000 հանդիսատես»,- նշել է Տիգրան Վիրաբյանն ու հանձնարարել գրանցել խնդիրները, որպեսզի ըստ առաջնահերթության դրանց լուծումներ տրվեն: Փոխքաղաքապետը նշել է նաև, որ Պատանի հանդիսատեսի թատրոնում արդեն մեկ շաբաթ շարունակ ընթացող ստուգումների վերջնական արդյունքի վրա ազդեցություն չունենալու համար ստուգայցը պլանավորվել է այնպես, որ ստուգումներն արդեն ամփոփման փուլում լինեն: «Եթե այսօր Պատանի հանդիսատեսի թատրոնը ամենանվազագույն ջերմաստիճանի առումով չունի անհանգստություն, այդտեղ ցանկացած որակի ստեղծագործություն ծնվելու դեպքում չի կարող դրական արձագանք ակնկալել: Մենք այստեղ շատ ավելի զգուշավոր պիտի լինենք, որովհետև գործ ունենք փոքրիկ հանդիսատեսի հետ, հետևաբար, մեր պատասխանատվության զգացումն ավելի մեծ է»,- նշել է Տիգրան Վիրաբյանը: Երևանի փոխքաղաքապետն այցելել է նաև թատրոնի շենքում գործող «Մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոն» ՀՈԱԿ, ուր շուրջ 900 երեխա է հաճախում: Տիգրան Վիրաբյանը շրջել է կենտրոնում, ծանոթացել խմբակների պայմաններին, երեխաների ընդունելության ու վարձավճարների կարգին, ինչպես նաև գրանցամատյաններին: Ամփոփելով շրջայցի արդյունքները՝ Երևանի քաղաքապետի տեղակալը նշել է, որ անակնկալ ստուգայցերի նպատակը խնդիրներին տեղում ծանոթանալն ու իրավիճակի ճիշտ գնահատումն է: «Մենք չենք ստուգում, որ խնդիր գտնենք, մենք ստուգում ենք, որ առաջ եկած խնդիրների համար լուծումներ առաջարկենք: Արդեն երկրորդ շրջայցն ենք կատարում և տեսնում ենք, որ պատահական ստուգայցերը, այսպես ասած, մեղմ չեն ընդունվում: Մենք խաբկանքների, կոսմետիկ լուծումներ տալու ցանկություն չունենք, մենք ընդամենը ցանկանում ենք առերեսվել իրական խնդիրներին»,- ընդգծել է փոխքաղաքապետն ու նկատել, որ այս ստուգումները նաև որոշակիորեն ազդակ կլինեն բոլոր այն կազմակերպությունների համար, որոնք աշխատում են քաղաքապետարանի ենթակայության ներքո:

Նմանատիպ նյութեր