211652_close_icon
views-count1631 դիտում article-date 15:11 28-11-2018

Նախագահ Սարգսյանը հանդիպել է գերմանական առաջատար մի շարք ընկերությունների ղեկավարների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 28-ին աշխատանքային նախաճաշ է ունեցել գերմանական մի շարք առաջատար ընկերությունների ղեկավարների հետ, որոնք գործունեություն են ծավալում Հայաստանում կամ հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ: Հանդիպումը կազմակերպվել է Գերմանիայում ՀՀ դեսպանության, OWC հրատարակչության, Գերմանիայի տնտեսության Արևելյան հանձնաժողովի ու «Արևելյան Եվրոպա. մանր ու միջին տնտեսվարողների միության» կողմից։ Հանդիպմանը մասնավորապես մասնակցել են «Ցեպելին», «Սիմենս», ՍԱՊ, «Նոկիա», «Շնայդեր գրուպ», «Էյրբաս գրուպ» և այլ ընկերությունների ղեկավարներ: Նշելով, որ Հայաստանի տնտեսության ամենատարբեր ոլորտներում հաջողությամբ գործունեություն են ծավալում գերմանական կապիտալի մասնակցությամբ մի շարք ընկերություններ, նախագահ Սարգսյանը միևնույն ժամանակ համոզմունք է հայտնել, որ այդ ոլորտներն ընդլայնելու և փոխգործակցությունը խորացնելու դեռևս մեծ ներուժ կա: Նշելով, որ 21-րդ դարն արագ փոփոխությունների ժամանակաշրջան է, հանրապետության նախագահն ասել է, որ Հայաստանը ճիշտ երկիր է, որը ճիշտ ժամանակին գտնվում է ճիշտ տեղում։ «Ճիշտ ժամանակն է, քանի որ մենք ապրում ենք 21-րդ դարասկզբին: Սա մի ժամանակաշրջան է, երբ ամեն բան շատ արագ է փոխվում: Գաղտնիք չէ, որ վերջերս ավարտել եմ իմ գիրքը, որը կոչվում է «Գլոբալ ռիսկերի քվանտային վարքագիծը»: Քվանտային ասելով նկատի չունեմ, որ կարելի է կիրառել քվանտային մեխանիկայի կանոնները: Քվանտայինը ենթադրում է, որ այդ վարքագիծն այլևս դասականը չէ: 21-րդ դարում փոփոխությունները դինամիկ են, սրընթաց և դրամատիկ: Միջոցները, որոնցով հնարավոր է կառավարել և նկարագրել ռիսկերը 21-րդ դարում, ևս դասականը չեն և չեն լինելու: Այս տեսանկյունից Հայաստանի համար ճիշտ ժամանակն է»,- ասել է նախագահ Սարգսյանը՝ նշելով, որ մարդկությունն ապրում է սրընթաց էվոլյուցիայի ժամանակաշրջանում, որտեղ տարեցտարի ամեն բան շատ ավելի արագ է փոփոխվում: Հանրապետության նախագահն ասել է, որ Հայաստանը հազարավոր տարիներ եղել է քաղաքակրթությունների խաչմերուկում: «Այդ խաչմերուկն այսօր կարող է դառնալ կամուրջ, քանի որ այսօր Հայաստանը միակ երկիրն է, որը ԵԱՏՄ անդամ է, ինչը ենթադրում է, որ երկիրը ոչ թե 3 մլն, այլ ավելի քան 200 միլիոնանոց շուկա ունի, որը ներառում է Կենտրոնական Ասիան, Ռուսաստանը: Բացի այդ, Հայաստանը ստորագրել է խորը և համապարփակ համաձայնագիր Եվրամիության հետ, և մենք ցանկանում ենք խորացնել հարաբերությունները այդ կառույցի հետ: Այսինքն, Հայաստանը միակ երկիրն է, որը խորը հարաբերություններ ունի թե՛ Արևելքի, թե՛ Արևմուտքի հետ: Մեր երկիրը ճիշտ տեղում է»,- ընդգծել է Արմեն Սարգսյանը: Հանրապետության նախագահը գործարարներին ներկայացրել է Հայաստանի տնտեսության գերակա ուղղությունները, ներդրումային գրավչությունը և գործարար միջավայրը, Հայաստանում բիզնես ծավալելու մրցակցային առավելությունները։ «Հայաստանը հետաքրքիր տեղ է ներդրում անելու համար: Երկիրը տարբեր ոլորտներում մեծ ներուժ ունի՝ սկսած գյուղատնտեսությունից մինչև թեթև արդյունաբերություն, բանկային ոլորտ և տեղեկատվական տեխնոլոգիաներ»,- ասել է նախագահ Սարգսյանը: Հայաստանում գործունեություն ծավալող ընկերությունների ղեկավարները խոսել են իրենց ընթացիկ ծրագրերի, դրանց ընդլայնման հնարավորությունների մասին։ Հանդիպման մասնակից մյուս գործարարներին նախագահ Սարգսյանն առաջարկել է այցելել Հայաստան` տեղում ուսումնասիրելու և քննարկելու փոխշահավետ համագործակցության հեռանկարային ուղղությունները։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր