1885 դիտում
13:25 28-11-2018
ՀՀ գլխավոր դատախազի ելույթը՝ «Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության տասնամյակ» միջազգային համաժողովի բացմանը
Մեծարգո՜ պարոն դեսպան,
Մարդու իրավունքների հարգելի պաշտպան,
Հարգելի՜ գործընկերներ,
Տիկնայք և պարոնայք,
Թույլ տվեք ողջունել Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության տասնամյակին նվիրված միջազգային համաժողովի բոլոր մասնակիցներին և շնորհավորել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բոլոր աշխատակիցներին և անձամբ Ձեզ, պարոն Թաթոյան, այս կարևոր և նշանակալից տարեդարձի առթիվ: Կարծում եմ, որ կանխարգելման ազգային մեխանիզմի տասնամյակը կարևոր հանգրվան է վերջինիս գործունեության ձեռքբերումներն ու փորձը արժևորելու, այն պատշաճ կերպով հասարակության ամենատարբեր շերտերին և մեր միջազգային գործընկերներին ներկայացնելու, ինչպես նաև վերջինիս առջև ծառացած մարտահրավերներն ու խնդիրները վեր հանելու ու լուծման ընդունելի մեխանիզմներ մշակելու հարցում արդյունավետ քննարկումներ կազմակերպելու համար:
Դժվար է գերագնահատել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին խոշտանգումների կանխարգելման անկախ ազգային մեխանիզմի ճանաչման դերը ազատությունից զրկման վայրերում խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի հնարավոր դեպքերի կանխման, պատշաճ արձագանքման, պատկան մարմինների առջև հայտնաբերված խնդիրների բարձրացման հարցում: Անցած տասնամյակի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետևողականության և նախաձեռնողականության արդյունքում վեր են հանվել ազատությունից զրկման վայրերում առկա մի շարք համակարգային և կոնկրետ անձանց վերաբերող խնդիրներ, որոնք իրենց արտացոլումն են ստացել ինչպես Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի տարեկան և հատուկ զեկույցներում, այնպես էլ պետական տարբեր մարմիններին ուղղված նամակներում:
Կանխարգելման ազգային մեխանիզմի արդյունավետության մասին առանձնահատուկ կերպով վկայում է հատկապես մեր միջազգային գործընկերների կողմից վերջինիս գործունեությանը տրված բարձր գնահատականները և այն, որ Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության փորձը, ներդրման նպատակով առաջարկվել է այլ երկրների:
Խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի դեմ պայքարում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային հանձնառությունների պատշաճ կատարման լավագույն առհավատչյան են խնդրո առարկա ոլորտում վերջին տարիներին իրականացված օրենսդրական բարեփոխումները: «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2015թ. հունիսի 9-ի օրենքով ՀՀ քրեական օրենսգիրքը լրացվեց նոր՝ 309.1 «Խոշտանգումը» վերտառությամբ հոդվածով, որով խոշտանգման հանցակազմի իրավական ձևակերպումը փոփոխվել և ամբողջովին համապատասխանեցվել է կոնվենցիայի առաջին հոդվածին: Ընդ որում, գործող քրեադատավարական կարգավորումները խոշտանգման դեպքերի համար նախատեսում են հանրային մեղադրանքի ռեժիմ, այսինքն քրեական գործ հարուցելու համար տուժողի բողոքը պարտադիր պայման չէ: Այդպիսի իրավակարգավորումը յուրաքանչյուր նման դեպքում մեղավորներին պատասխանատվության ենթարկելու կարևոր երաշխիք է:
Նշված իրավակարգավորումները իրավական բնույթի որակական նոր հիմքերի վրա են դրել պաշտոնատար անձանց կողմից բռնությունների գործադրման դեմ պետության կողմից տարվող քրեական քաղաքականությունը: Մասնավորապես, 2015-2018թթ. ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի հատկանիշներով քննված քրեական գործերով քրեական հետապնդում է հարուցվել 6 անձի նկատմամբ, որոնցից 2017 թվականի ընթացքում 1 քրեական գործ 1 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: 2018թ. նոյեմբերի 26-ի դրությամբ 1 քրեական գործ 1 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, գործի դատական քննությունը շարունակվում է, մինչդատական վարույթում քննվող 2 քրեական գործով 4 անձ /1 գործով 1 անձ, 1 գործով 3 անձ/ ներգրավված է որպես մեղադրյալ:
ՀՀ դատախազությունը մշտապես կարևորել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես Կանխարգելման ազգային մեխանիզմի հետ արդյունավետ համագործակցության և գործընկերային հարաբերությունների ստեղծումը և ամրապնդումը՝ միտված ազատությունից զրկման վայրերում խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի հնարավոր բոլոր դեպքերի կանխմանը և բացահայտմանը, առերևույթ հանցանք գործած անձանց բացահայտմանը և վերջիններիս գործունեության դեմ քրեաիրավական գործիքակազմի միջոցով պայքարելուն, նմանատիպ դեպքերով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության ապահովմանը, հանցագործություններ ծնող պատճառների վերհանմանը:
Պատահական չէ, որ անցած տարիներին որոշ քրեական գործեր հարուցվել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի շրջանակներում իրականացված մշտադիտարկումների արդյունքում հայտնաբերված առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ներկայացված հաղորդումների հիման վրա: Իրականացվող մշտադիտարկումները կարևորվում են հատկապես խոշտանգումների դեպքերի կապակցությամբ քննության արդյունավետությանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումներով ներկայացվող քննության անհապաղության պահանջի ապահովման տեսանկյունից:
Ընդհանրապես, խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերի կապակցությամբ իրականացվող քննության նկատմամբ դատախազական հսկողության ընթացքում քննության արդյունավետությանը ներկայացվող միջազգային չափանիշների արմատավորման և անշեղ պահպանման համար կարևոր նշանակություն ունեցավ ՀՀ դատախազության կոլեգիայի 2017թ. հունիսի 23-ի նիստը, որի արդյունքում սահմանված ուղենիշները վերաբերում են, ի թիվս այլնի, ձերբակալված անձանց պահելու վայրերում պահվող անձանց նկատմամբ հնարավոր վատ վերաբերմունքի դեպքերի կանխարգելմանը, մանրակրկիտ, անհապաղ և անկախ քննության ապահովմանը, ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և փորձագիտական հիմնարկներում բժշկական զննության հատուկ սենյակներ առանձնացնելու ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումներին:
Հատկանշական է, որ կոլեգիայի վերոհիշյալ նիստին մասնակցել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետը, ով նաև հանդիսանում է կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգողը: Ակնկալում եմ, որ առկա գործընկերային հարաբերությունները մեզ թույլ կտան հետայսու էլ ավելի արդյունավետ դարձնել մեր համագործակցությունը ուղղված խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի հնարավոր բոլոր դեպքերի անհապաղ, ժամանակին և համարժեք արձագանքմանը և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելուն, հետևաբար նաև այս ոլորտում ՀՀ ստանձնած միջազգային հանձնառությունների պատշաճ կատարմանը:
Կրկին շնորհավորելով այս կարևոր տարեդարձի առթիվ՝ հուսով եմ, որ մեր միջազգային գործընկերների լայն ներգրավվածությամբ կազմակերպված այս համաժողովը իրապես կդառնա արդյունավետ հարթակ մտքերի փոխանակման, ակտիվ քննարկումներ ծավալելու, ինչպես նաև լավագույն փորձի ներկայացման համար:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
919 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»