211652_close_icon
views-count3224 դիտում article-date 16:38 22-11-2018

Բեռլինում տեղի կունենա Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը

Նոյեմբերի 28-ին տեղի կունենա Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը հանրահայտ Կոնցերտհաուս Բեռլինում համաշխարհային մեծ ճանաչում ունեցող, իր սերնդի ամենապահանջված հայազգի ջութակահար՝ Սերգեյ Խաչատրյանի մասնակցությամբ: Ինչպես տեղեկացրին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբից, համերգը կղեկավարի ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Արվեստի վաստակավոր գործիչ՝ Էդուարդ Թոփչյանը: Համերգը նվիրված է հայ անվանի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 115 ամյակին: Ծրագրում կհնչի Ա. Խաչատրյանի ջութակի կոնցերտը՝ Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ, Սյուիտ «Սպարտակ» բալետից և Շոստակովիչի թիվ 5 սիմֆոնիան: Կոնցերտհաուս Բեռլինում տեղի ունենալիք համերգի կազմակերպիչն ու հրավիրող կողմն է «Հանս Ադլեր» (Hans Adler) գերմանական երաժշտական գործակալությունը: Համերգին աջակցում է Գերմանիայում Հայաստանի դեսպանությունը՝ ի դեմս Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ա. Սմբատյանի: ՀԱՖՆ-ը վերջին անգամ Գերմանիայում համերգով հանդես է եկել Յենա քաղաքի ֆիլհարմոնիկ սրահում 2017թ.-ի նոյեմբերի 25-ին Յենայի ֆիլհարմոնիկի հետ միացյալ համերգով՝ է. Թոփչյանի ղեկավարությամբ: Համերգին ներկա էին ԳԴՀ Բունդեսթագի և Թյուրինգիայի Լանդթագի անդամներ, երկրամասի նախարարներ, քաղաքային իշխանությունների և հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, դեսպան Ա. Սմբատյանը, մշակութային գործիչներ, լրագրողներ և բազմաթիվ հյուրեր: Բեռլինում կայանալիք համերգից առաջ նոյեմբերի 26-ին, ժամը՝ 18:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա համերգի գլխավոր փորձը՝ մուտքն ազատ է բոլորի համար:

Նմանատիպ նյութեր