Փաշինյանը վերահաստատեց Բելառուսի նախագահից պարզաբանում պահանջելու մտադրությունը
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց, որ պարզաբանում է պահանջելու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի դռնփակ նիստի ընթացքում քննարկված հարցերը Բելառուսում Ադրբեջանի դեսպանին ներկայացնելու հարցի հետ կապված:
Այս մասին Փաշինանը ասաց այսօր՝ նոյեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով համապատասխան հարցին։
Անդրադառնալով ի պատասխան իր խոսքերի Բելառուսի ԱԳՆ խոսնակի հայտարարությանը՝ Փաշինյանը նախ նշեց, որ Բելառուսի ԱԳՆ խոսնակի հայտարարությանը հայկական կողմից արձագանք եղել է. « Ես ինքս ինչ ունեի ասելու, անձամբ եմ բարձրաձայնել, և այս հարցում իմ զրուցակիցը անձամբ Բելառուսի նախագահն է, ումից ես որևէ արձագանք չեմ ստացել: Իսկ ես ինչ ասել եմ, շարունակում է մնալ ուժի մեջ: Եվ որևէ կասկած չկա, որ այն, ինչ ասել եմ, տեղի կունենա: Այսինքն, ես պարզաբանումներ կպահանջեմ տեղի ունեցածի և մի շարք այլ գործընթացների վերաբերյալ»,- ասաց Փաշինյանը:
Հավելեց, որ չեն պատրաստվում լռության մատնել Հայաստանի շահերին առնչվող որևէ հարց: