211652_close_icon
views-count1964 դիտում article-date 11:53 15-11-2018

Սամվել Ֆարմանյանն ընդունում է, որ վիճակախաղերն արգելելու մասին իր նախագիծը չունի քաղաքական աջակցություն

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն ընդունում է, որ իր և պատգամավոր Միհրան Հակոբյանի կողմից առաջարկած` վիճակախաղերն օրենքով արգելելու մասին նախագիծը չունի բավարար քաղաքական աջակցություն և հույս է հայտնում, որ հաջորդ խորհրդարանը հետամուտ կլինի բարձրացրած խնդրին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ֆարմանյանը նման կարծիք հայտնեց ԱԺ հերթական նիստում նախագծի քննարկմանը: «Ես նկատում եմ, որ այս կարևոր նախագիծը չունի այն քաղաքական աջակցությունը, որը կօգներ այն վերածել գործող օրենքի: Խնդիրներն իրենց լուծելու ճիշտ ժամանակն ունեն: Երբեմն դրանք հնարավոր չեն լինում լուծել: Ես հիասթափված եմ, զգում եմ, որ նախագիծը չի ստանալու բավարար աջակցություն»,-ասաց նա ու հույս հայտնեց, որ հաջորդ խորհրդարանում կշարունակեն հետամուտ լինել խնդրի կարգավորմանը: Նա նշեց, որ ամեն անգամ, երբ մամուլում տեղեկություններ կհայտնվեն իրենց բարձրացրած խնդրի հետ կապված, ինքը նախագծին դեմ արտահայտված պատգամավորներին պարզապես կուղարկի բոլոր դեպքերի մասին հաղորդագրությունները: Նա նկատեց, որ նախագիծը չընդունելու նախորդ կառավարության դիտարկումներն ու ներկայիս կառավարության դիտարկումները գրեթե նույնն են եղել: Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի դիտարկմանը, թե ներկայացված նախագիծը գործող իշխանության նկատմամբ քինախնդրության փորձ է` Ֆարմանյանն ասաց, որ դա համարում է անձնական վիրավորանք: «Ես համոզված եմ, որ մի օր Հայաստանի կառավարությունը ստիպված է լինելու գնալ խնդրի ռադիկալ կարգավորմանը»,-եզրափակեց պատգամավորը: «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին, «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությամբ պետք է օրենքով արգելվեին վիճակախաղերը Հայաստանում: Նախագծի քննարկմանը Նաիրա Զոհրաբյանը հայտնել էր, որ «Ծառուկյան» խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը, քանի որ իրենց կարծիքով այն չի լուծելու բարձրացված խնդիրը: Նախագծի առաջին ընթերցմանը դեմ էր արտահայտվել նաև «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

Նմանատիպ նյութեր