211652_close_icon
views-count2643 դիտում article-date 14:28 01-11-2018

Նիկոլ Փաշինյանի տեղեկացմամբ, քննվում են մոտ 200 մլն դոլարի չարաշահումների յուրացումների, վատնումների վերաբերյալ քրգործեր

Ընդհանուր առմամբ ներկայում տարբեր քննչական մարմիններում քննվում են մոտավորապես 200 մլն դոլարի չարաշահումների յուրացումների, վատնումների վերաբերյալ քրեական գործեր: Այս մասին Ազգային ժողովում իր ելույթում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Ես ուզում եմ մենք բոլորս արձանագրենք, որ քննչական մարմիններն աշխատում են իրենց հնարավորությունների եզրագծից դեռ մի բան էլ այն կողմ: Ծանրաբեռնվածությունը պատճառ է, որ վնասների վերականգնման և հատուցման պրոցեսը չի ընթանում այնպիսի արագությամբ, ինչպիսին մենք կցանկանայինք: Մի բան է զուտ վճարվելիք հարկերի ճշտումները, բոլորովին այլ բան է յուրացումների, չարաշահումների վերականգնումը, որովհետև դրա համար պետք է քննություն, դատական ընթացք, օրինական ուժի մեջ մտած դատական վճիռ, որից հետո այդ պրոցեսները կիրականացնեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա ներկայացրեց օրինակ, թե ինչպես կառավարության հակակոռուպցիոն քաղաքականությունը կարող է զուտ թվային ցուցանիշների վրա ազդել: Մասնավորապես, լրջագույն քննության է ենթարկվում Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի կառուցման աշխատանքը: Նիկոլ Փաշինյանի խոսքով, կարող ենք հաստատված փաստ համարել այն, որ «Տրանշ 1»-ի շրջանակում իրականացրած շինարարությունը չի համապատասխանում որակական չափանիշներին: Կառավարությունը հետևողական է լինելու, որ այդ բաց թողնվածը վերականգնվի, ճանապարհը բերվի պատշաճ մակարդակի: «Կարևոր է այսօր հաստատել կանոններ, որպեսզի հետագայում բացառվեն նման դրսևորումները: Ճանապարհի կառուցման աշխատանքն իր ամբողջ ծավալով չի իրականացվում, որովհետև մենք ունենք հարցեր: Մինչև այդ հարցերը չկարգավորվեն, որ հին եղանակով, հին ձևերով, հին որակով չշարունակեն աշխատել, գործն ամբողջ ծավալով չի իրականացվի: Բնականաբար, դա ունենում է որոշակի տնտեսական զսպող էֆեկտ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր