211652_close_icon
views-count2661 դիտում article-date 16:38 30-10-2018

Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքի փաստաբանների միության պատվիրակությունն այցելել է Հայաստանի փաստաբանների պալատ

ՀՀ փաստաբանների պալատում հոկտեմբերի 29-ին, հյուրընկալվել է Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքի փաստաբանների միության պատվիրակությունը՝ միության նախագահ Բերնարդ Բերալի գլխավորությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ փաստաբանների պալատի մամուլի ծառայությունից, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ողջունել է հյուրերին Փաստաբանների պալատում: Նա նշել է, որ ջերմությամբ է հիշում Մոնպելիե կատարած իր այցը, որտեղ քննարկվել են բազմաթիվ հարցեր կապված փաստաբանության և իրավունքի հիմնահարցերի շուրջ: «Մենք Ֆրանսիային համարում ենք մեր բարեկամը և միջազգային համագործակցության ոլորտում ամենակտիվ հարաբերությունները հենց Ֆրանսիայի հետ են: Անգամ Հայաստանի փաստաբանական դպրոցի մոդելը վերցվածը ֆրանսիականից»,-նշել է Արա Զոհրաբյանը: Մոնպելիեյի փաստաբանների միության նախագահ Բերնարդ Բերալը շնորհակալություն է հայտնել Փաստաբաննների պալատին ջերմ ընդունելության համար և նշել է, որ Հայաստանի փաստաբանների պալատի հետ համագործակցությունը սկսվել է վաղուց: Նա նշել է նաև, որ այդ հարաբերությունների զարգացման գործում մեծ ավանդ ունի Մոնպելիեյի փաստաբանների միության նախկին նախագահ Լյուք Քիրքյաչարյանը: «Շատ ուրախալի է, որ Ֆրանկոֆոնիայի օրերին հաջորդում է մեր այս միջոցառումը: Մեր հարաբերությունները և մեր գործունեությունը համապատասխանում է Ֆրանկոֆոնիայի «ապրել միասին» կարգախոսին»,- հայտնել է պարոն Բերալը: Հանդիպմանը բացման խոսքով հանդես է եկել նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը, ով նշել է, որ իր բացառիկությամբ տարբերվող Ֆրանկոֆոնիայի օրերին ձեռք բերված հաջողությունները անհրաժեշտ է կապիտալիզացնել և զարգացնել: Մասնագիտական քննարկումների ընթացքում հայ մասնագետները ֆրանսիացի գործընկերներին ներկայացրել են օտարերկրյա ներդրումների իրավական կարգավորումներին վերաբերող մանրամասներ: Ավարտին՝ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի, Մոնպելիեի փաստաբանների միության և նույն միության Մարդու իրավունքների ինստիտուտի միջև կնքվել է մարդու իրավունքների պաշտպանության խթանմանը ուղղված համագործակցության համաձայնագիր:

Նմանատիպ նյութեր