211652_close_icon
views-count3341 դիտում article-date 23:21 29-09-2018

Հոլանդացի գեղանկարիչների ցուցահանդեսը Երևանում. ՖՈՏՈՇԱՐՔ

Հոկտեմբերի 5-ին՝ 16:00-ին, Ժողովրդական արվեստի կենտրոնում կբացվի հոլանդացի գեղանկարիչներ Սյուք Ուիյքի և Քորս Վան Բլադերենի աշխատանքների ցուցահանդեսը՝ «Հոլանդիայի կենաց խորհրդանիշները» խորագրով: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հոկտեմբերի 16-ը: Սյուք Ուիյքը և Քորս Վան Բլադերենը համատեղ գործունեություն են ծավալում 2010 թվականից: Նրանք ձգտում են ցուցադրել հոլանդացի ու այլազգի նկարիչների աշխատանքները և ամեն տարի կազմակերպել միջազգային ցուցահանդեսներ ու նկարիչների փոխանակման ծրագրեր: Նրանք համոզված են, որ արվեստը հաղորդակցության մի ձև է՝ ստեղծագործողի և դիտողների միջև: Արվեստի գործը կարող է և պետք է օգտագործվի որպես միջազգային լեզու, որը հասկանալի է յուրաքանչյուրին, ով հետաքրքրված է այլոց զգացմունքներով ու տեսակետներով: Նրանք ունեն համատեղ երկու գիրք՝ գրված Քորս Վան Բլադերենի և նկարազարդված Սյուք Ուիյքի կողմից: [b]Հակիրճ տեղեկատվություն Կենտրոնի մասին [/b] Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստի կենտրոնը ազգային մշակույթի այն եզակի օջախներից է, որի առաքելությունն է նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների պահպանումը, շարունակականության ապահովումն ու հանրահռչակումը: Կենտրոնի Երևանի և Դիլիջանի ժողովրդական արվեստի թանգարանների հիմքը կազմում են 1930-ական թվականներին ազգագրագետ, բանահավաք Հաբեթնակ Բաբայանի ջանքերով հիմնադրված Ժողովրդական ստեղծագործության տան ցուցանմուշները: Հավաքածուն (շուրջ 10.000 նմուշ) ընդգրկում է փայտի, մետաղի և քարի գեղարվեստական մշակման, ասեղնագործության, գորգագործության, խեցեգործության նմուշներ, ինչպես նաև ինքնուս նկարիչների գեղանկարներ: Հավաքածուում առանձնակի տեղ են գրավում սփյուռքահայերի նվիրատվությունները: Ժողովրդական վարպետների ստեղծագործությունները յուրատիպ մշակութային արժեքներ են, որոնք ներկայացնում են Հայաստանի պատմա-ազգագրական գրեթե բոլոր շրջանների ժողովրդական արվեստն ու նրա զարգացման փուլերը: Կենտրոնում տեղի են ունենում դասընթացներ, ժամանակավոր ցուցահանդեսներ, գրքի շնորհանդեսներ և բազմաթիվ այլ մշակութային միջոցառումներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր