Էթիկայի հանձնաժողովը գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի նկատմամբ վարույթ է հարուցել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի նկատմամբ վարույթ է հարուցել: Բանն այն է, որ նախարարի դեմ դիմում է ներկայացրել «Հայկական Ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչյա Բերբերյանը: Նա պահանջում է քննել նախարար Արթուր Խաչատրյանի հետ կապված միջադեպը՝ համարելով դա նախարարի կողմից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով ամրագրված էթիկայի կանոնի առերևույթ խախտում, երբ հարգալից վերաբերմունք չի ցուցաբերվել անձանց նկատմամբ, որոնց հետ շփվել է լիազորություններն իրականացնելիս:
Հիշեցնենք՝ Բերբերյանը, օգոստոսին քննադատելով գյուղատնտեսության ոլորտի ցուցանիշները, նախարարին թվանկարիչ էր անվանել: Արթուր Խաչատրյանն էլ հակադարձել էր, որ եթե ինքը նկարչական ձիրք ունենար, Բերբերյանի կոմիքսը կնկարեր»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: