211652_close_icon
views-count3115 դիտում article-date 19:23 03-09-2018

Աստղիկ Հակոբյանը՝ Եվրոպայի մինչև 14 տարեկանների փոխչեմպիոն

Ռիգայում ավարտված Եվրոպայի պատանեկան առաջնությունում հիանալի հաջողության հասավ Աստղիկ Հակոբյանը: Մինչև 14 տարեկան աղջիկների ենթախմբում հանդես եկող Հակոբյանը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և արժանացավ արծաթե պարգևի: Հակոբյանը նաև 130 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը: Ավելացնենք նաև, որ այս հաջողությունը արդեն 3-րդն է Աստղիկի համար այս տարում: Հունիսին պատանի շախմատիստուհին հիանալի ելույթ էր ունեցել Սպիտակ Նավակ մրցաշարում, հուլիսին հաղթող դարձել Հայաստանի կանանց 74-րդ առաջնության 1-ին խմբի մրցաշարում: Աստղիկ Հակոբյանի մարզիչն է գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը: Մինչև 16 տարեկան տղաների ենթախմբում հաջող հանդես եկավ Արմեն Բարսեղյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և կիսեց 2-5-րդ հորիզոնականները: Ցավոք, մարզական բախտը Արմենի կողմը չէր. լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո մեր շախմատիստը հայտնվեց 5-րդ հորիզոնականում: Մեդալ նվաճելու հիանալի հնարավորություն ուներ նաև մինչև 10 տարեկանների ենթախմբում հանդես եկող Ռուդոլֆ Փաշիկյանը, ով մրցաշարի մեկնարկից մինչև վերջին տուրը գլխավորում էր աղյուսակը, սակայն վերջին տուրում պարտություն կրեց և 7 միավորով գրավեց 4-րդ հորիզոնականը: Մեդալների համար պայքարում էր նաև մինչև 16 տարեկան աղջիկների ենթախմբում հանդես եկող Աննա Խաչատրյանը, սակայն վերջին տուրում կրած պարտությունից հետո Խաչատրյանը հայտնվեց 10-րդ հորիզոնականում: Մինչև 18 տարեկան տղաների ենթախմբում հանդես եկող Դավիթ Միրզոյանը 6 միավորով գրավեց 8-րդ տեղը: Ընդհանուր առմամբ մեր 18 մասնակիցներից 15-ը բարելավեցին իրենց անհատական վարկանիշները:

Նմանատիպ նյութեր