211652_close_icon
views-count3785 դիտում article-date 11:36 02-09-2018

Սեպտեմբերի 2-ը համայն հայության տոնն է. Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի անկախության օրվա առթիվ

Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Արցախի Հանրապետության անկախության հռչակման 27-րդ տարեդարձի առթիվ և խոնարհվում բոլոր նրանց պայծառ հիշատակի առջև, ովքեր ընկան հայոց երկրորդ պետության անկախությունը պաշտպանելու ճանապարհին: Արցախի ժողովուրդն իր անբեկանելի որոշումը կայացրեց ռազմական ու քաղաքական դժվարին և անորոշ մի ժամանակաշրջանում, երբ թերևս միակ որոշակի ու հստակ իրողությունը հայրենի հողին սպառնացող վտանգի ահագնացումն էր: Պատմությունն ապացուցեց, որ անկախության հռչակումն էր արցախահայության` իր պատմական հայրենիքում ապրելու իրավունքի պաշտպանության միակ ուղին: Իսկ արցախահայությունն ապացուցեց, որ կարող է հաղթել, բուժել պատերազմի վերքերը, արարել ու շենացնել իր լեռնաշխարհը: Եվ ավելին, հաստատակամորեն հաղթահարելով բոլոր դժվարությունները՝ կառուցել ժողովրդավարական հասարակարգ, որը պետության ու հասարակության զարգացման կարևորագույն գրավականն է: Սեպտեմբերի 2-ը համայն հայության տոնն է, որը մենք նվաճել ենք համազգային պայքարի արդյունքում, և Հայաստանը շարունակելու է ըստ ամենայնի աջակցել Արցախի Հանրապետության անկախության հետագա ամրապնդմանը: Հայաստանի Հանրապետության խորհրդարանի և իմ անունից կրկին շնորհավորում եմ Արցախի ողջ ժողովրդին այս նվիրական տոնի առթիվ: Շնորհավորանքի ու գնահատանքի խոսք եմ ուղղում նաև բոլոր նրանց, ովքեր իրենց ավանդն են ունեցել Արցախի Հանրապետության պաշտպանության ու զարգացման գործում: Սիրելի արցախցիներ, ցանկանում եմ ձեզ նորանոր հաջողություններ պետականաշինության, օրենսդրական դաշտի շարունակական կատարելագործման, ժողովրդավարության ամրապնդման և տնտեսության զարգացման ասպարեզներում: Մաղթում եմ խաղաղություն, առաջընթաց և բարօրություն:

Նմանատիպ նյութեր