211652_close_icon
views-count17886 դիտում article-date 19:25 27-08-2018

Նախարար Արայիկ Հարությունյանը Գեղարքունիքի դպրոցների տնօրեններին կոչ է արել կանխել դրամահավաքությունը

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր՝ օգոստոսի 27-ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզի հանրակրթական և ավագ դպրոցների տնօրենների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել: Այս մասին տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանի լրատվության բաժինը: Նախարարը ներկայացրել է կրթության ոլորտում 2018-2019 ուսումնական տարվա համար նախատեսված և ընթացքի մեջ գտնվող բարեփոխումների փաթեթը, որոնք առնչվում են դպրոցական ծրագրերին, դասագրքերին, որոշ չափորոշիչների: Արայիկ Հարությունյանը խոսել է դպրոցների տնօրենների ընտրության, դպրոցական խորհուրդների գործունեության, ուսուցիչների մրցույթների անցկացման համար մշակված նոր ձևաչափերի մասին: Նա տնօրեններին կոչ է արել դպրոցներում կանխել դրամահավաքությունը, դպրոցական և միասնական համազգեստի ընտրության հարցում չպարտադրել սև և սպիտակ գույները: Նախարարը խոսել է նաեւ դպրոցների ավարտական և միասնական քննությունների անցկացման, դպրոցների լիցենզիաների պարտադիր առկայության, ֆինանսական և իրավական հարցերում ճշգրիտ մոտեցման, դպրոցների ապաքաղաքականացման մասին՝ նշելով, որ կրթության համակարգը քաղաքականությունից զերծ պահելը նոր կառավարության կարևորագույն սկզբունքներից մեկն է: «Հարգելի տնօրեններ, ես խնդրում և հորդորում եմ գործել օրենքի և իրավունքի սահմաններում: Նախարարությունը պատրաստակամ է օգնել և աջակցել ձեզ դպրոցներում առկա խնդիրների լուծման հարցում: Նախարարությունը ձեր գործընկերն է, և մենք համատեղ պետք է մեր ոլորտում իրականացնենք բարեփոխումներ»,- նշել է Արայիկ Հարությունյանը: ԿԳ նախարարը ներկաների ուշադրությունն է հրավիրեց նաև հաջորդ ուսումնական տարվանից առաջին դասարանցիների դպրոց հաճախելու նպատակով նոր՝ էլեկտրոնային համակարգի անցմանը, նույն եղանակով ուսուցչի ընտրության և այլ փոփոխությունների ուղղությամբ, ինչը, ըստ Հարությունյանի, կնպաստի, որպեսզի կրթությունը մեր երկրում ավելի հասանելի դառնա: Արայիկ Հարությունյանը Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանի ուղեկցությամբ ծանոթացել է նաև Մարտունի քաղաքի ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին, որն իրականացվում է Համաշխարհային բանկի միջոցներով և նախատեսվում է շահագործման հանձնել այս տարվա հոկտեմբերին:

Նմանատիպ նյութեր