ՀՀ վարչապետը հուսով է, որ տնտեսական ակտիվության ցուցանիշների աճը կմեծանա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք » սոցիալական ցանցի իր էջում ուղիղ եթերի ժամանակ շեշտեց, որ Հայաստանի տնտեսությունում տեղի են ունենում դրական փոփոխություններ: Նա նաև հույս հայտնեց, որ տնտեսական ակտիվության ցուցանիշների աճը կմեծանա:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս տարվա հունիսին գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 9,6 տոկոս աճ, իսկ հուլիսին՝ 11,1 աճ:
«Հայաստանի տնտեսությունում շատ պոզիտիվ փոփոխություններ են տեղի ունենում, մասնավորապես` հունիսին մենք ունեինք 9.6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, և հուսով էի, որ հետագայում ակտիվությունը ավելի կմեծանա, և, ահա, մենք հուլիսին արդեն ունենք 11.1 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ»,- ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով` սա հեղափոխությունների պատմության մեջ բացառիկ երևույթ է:
«Սովորաբար, անկախ իրենց բնույթից, հեղափոխություններից հետո որոշակի տնտեսական անկում է արձանագրվում, որովհետև հսկայական փոփոխություններ են տեղի ունենում, և նեգատիվ ազդեցություն են ունենում տնտեսության վրա:
Ընդ որում, այդ երևույթը մայիսին որոշակիորեն ունեինք, ինչը անհանգստացնում էր նաև մեզ, բայց շատ լավ է և կարևոր է, որ հունիսին և հուլիսին մենք երկնիշին մոտիկ և արդեն երկնիշ տնտեսական ակտիվության ցուցանիշ գրանցեցինք»,- ընդգծեց Փաշինյանը:
Վարչապետը հույս հայտնեց, որ այդ ցուցանիշները կպահպանվեն նաև օգոստոսին, և գնալով դրանց աճի տեմպը ավելի կմեծանա: