211652_close_icon
views-count3275 դիտում article-date 16:02 10-08-2018

«Դուք այստեղ եք տանտիրոջ կարգավիճակով». սփյուռքի նախարարը՝ «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Օգոստոսի 10-ին Հայ-ռուսական համալսարանում տեղի ունեցավ սփյուռքի նախարարության «Քայլ դեպի տուն» ծրագրի բացման միջոցառումը: Բարի գալուստ մաղթելով մասնակիցներին նոր Հայաստանում՝ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը նշեց. «Ես մեզ բոլորիս ուզում եմ շնորհավորել երկու իրադարձության առթիվ: Նախ այն բանի համար, որ դուք իսկապես գտնվում եք նոր Հայաստանում, և իհարկե շնորհավորում եմ «Քայլ դեպի տուն» ծրագրի մեկնարկի առթիվ: Սա սփյուռքի նախարարության համար աննախադեպ ծրագիր է, երբևէ նախարարությունը միաժամանակ 400 սփյուռքահայ պատանիների չի հյուրընկալել: Մեզ համար մարտահրավեր է, սակայն մենք անելու ենք մեր լավագույնը, որ թերացումներ չլինեն»: Նախարարը շնորհակալություն հայտնեց ծրագրի գործընկերներին՝ Հայ-ռուսական համալսարանին, «Teach for Armenia» և «Birthright Armenia» հիմնադրամներին, Հայկական բարեգործական ընդհանուր միությանը, «GG» տաքսի ծառայությանը, «All Inclusive Armenia» և «Loft» կազմակերպություններին: «Ես առավել քան վստահ եմ, որ դուք գժի պես սիրահարվելու եք այս երկրին, և Հայաստանն էլ սիրելու է ձեզ: Ուզում եմ, որ տարբեր պատմամշակութային վայրեր այցելելուց բացի՝ երբեմն դուրս գաք և շփվեք մարդկանց հետ: Տեսնեք, թե որքան դրական էներգետիկա է կուտակվել թավշյա հեղափոխությունից հետո: Խոսե՛ք, զրուցե՛ք, կիսվե՛ք, ճանաչե՛ք ձեր հայրենակիցներին: Դուք կսիրեք նրանց»,-ընդգծեց նախարարն ու վստահություն հայտնեց, որ «Քայլ դեպի տուն»-ի մասնակիցներից շատերին տարիներ անց կրկին կհանդիպի, և նախարարությունն ամեն բան անելու է, որ նրանք տեղափոխվեն Հայաստան: «Դուք այստեղ հյուր չեք, դուք այստեղ եք տանտիրոջ կարգավիճակով: Միշտ հիշեք, որ կա մի փոքր պետություն մեծ ներուժով, 42 հազար կիլոմետր տարածքով, որը սպասելու է ձեզ: Շնորհակալ եմ, սիրում եմ բոլորիդ»,-ամփոփեց իր խոսքը Մխիթար Հայրապետյանը: Մասնակիցներին ողջունեց նաև Հայ-ռուսական համալսարանի էկոնոմիկայի և բիզնեսի ինստիտուտի տնօրեն Էդվարդ Սանդոյանը: «Մեր համալսարանում բազմաթիվ սփյուռքահայ ուսանողներ ունենք: Ձեզ նույնպես սպասում ենք այստեղ: Բարո՛վ եք եկել, բարի երթ»,-նշեց Էդվարդ Սանդոյանը: Ծրագրի մասնակիցներին երաժշտական կատարումներով ողջունեցին երգիչներ Հայկ Ստվերը, Հայկ Եսայանը և Վլադիմիր Ահարոնյանը: Պատանիները պարեցին, ծանոթացան սփյուռքի նախարարի հետ, լուսանկարվեցին: Այնուհետև ծրագրի 440 մասնակիցները բաժանվեցին հոսքերի ու խմբերի: Նրանք այսօր ըստ ուղղությունների կմեկնեն Հայաստանի պատմության, Երևանի պատմության և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարաններ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր