6702 դիտում
13:05 09-08-2018
ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Կոտայքի մարզի Նոր Գեղի վարչական համայնքի մի շարք ջերմոցային տնտեսություններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը օգոստոսի 8-ին այցելել է Կոտայքի մարզում գտնվող Նոր Գեղի վարչական համայնքի մի շարք ջերմոցային տնտեսություններ և ինտենսիվ այգիներ: Նախարարին ուղեկցում էին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը, Նոր Գեղի վարչական համայնքի ղեկավար Ֆրոնտիկ Թևոսյանը և այլ պատասխանատուներ:
Ացը մեկնարկել է «Էդար Ֆուդ» ՍՊԸ ջերմոցային տնտեսությունից: 1 հա տարածքում մշակելով լոլիկ և վարունգ՝ տարեկան ստանում են 200-ից 250 տոննա բերք, որն ամբողջությամբ իրացնում են ներքին շուկայում: Ընկերության գյուղատնտես Վլադիմիր Պողոսյանի խոսքով՝ ստանում են որակյալ բերք ոչ միայն բարձրակարգ սածիլներ օգտագործելու, այլև ներդրված ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ: Ոռոգումն իրականացնում են կաթիլային համակարգով:
«Կաթիլային ոռոգման համակարգի առավելությունն այն է, որ քիչ և նպատակային ես օգտագործում ջուրը: Նաև ավելի որակով բերք ես ստանում»,-նշել է Վլադիմիր Պողոսյանը:
Ապա նախարար Խաչատրյանն այցելել է խնձորի ինտենսիվ այգի: 2016թ. հիմնված այգին այս պահին զբաղեցնում է 30 հա, սակայն տարածքն ընդլայնվելու է ևս 20 հեկտարով: Այգու համասեփականատեր Միքայել Լազարյանի խոսքով՝ խնձորից բացի տնկելու են նաև տանձի, սալորի և կեռասի ծառեր:
«Ինտենսիվ այգին ավելի վաղ ժամկետում է անցնում բերքատվության, քան ավանդական այգին: Ինտենսիվ այգիների դեպքում 1 հա հողատարածքում տնկվում են ընդհուպ տասն անգամ ավելի տնկիներ»,-ասել է Միքայել Լազարյանը՝ հավելելով, որ թեպետ նոր են շուկա դուրս գալու, սակայն համոզված են, որ իրացման խնդիր չեն ունենա, որովհետև ստացել են որակյալ բերք՝ շնորհիվ տնկված գաճաճ ծառերի, կաթիլային ոռոգման համակարգի և կարկտապաշտպան ցանցերի, որոնք ինտենսիվ այգու բաղադրիչ մասն են կազմում:
Նոր Գեղի համայնքում Արթուր Խաչատրյանն այցելել է նաև «Օզեմ» ՍՊԸ ջերմոցային տնտեսություն, որտեղ արդեն ինը տարի զբաղվում են լոլիկի և վարունգի մշակությամբ: Ընկերության տնօրեն Կարեն Ղազարյանը նախարարի հետ զրույցում նշել է, որ հետաքրքրված է նախարարության կողմից առաջարկվող մասնակի սուբսիդավորվող վարկային ծրագրերով, մասնավորապես ցանկանում է դիմել ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրին:
«Ագրոպարենային արտադրության բնագավառի ցանկացած ձեռնարկություն, լինի դա սպանդանոց, չորանոց, ջերմոց, կաթի մթերման արտադրամաս, կարող է ձեռք բերել անհրաժեշտ սարքավորումներ: Շուկայական տոկոսադրույքը 11 տոկոս է, 7-ը սուբսիդավորում է պետությունը, այսինքն՝ 4 տոկոսով կարելի է ձեռք բերել սարքավորում»,-նշել է գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը՝ հավելելով, որ վարկը տրամադրվում է 8 տարի մարման ժամկետով:
Արթուր Խաչատրյանի հաջորդ կանգառը ելակի արտադրությամբ զբաղվող «Էկոբերի» ընկերության ջերմոցային տնտեսությունում էր: 1,5 տարի առաջ հիմնված ջերմոցը զբաղեցնում է 3 հա, ելակն աճեցվում է հիդրոպոնիկ եղանակով, իրացվում է թե՛ ներքին, թե՛ արտաքին շուկայում:
Հիդրոպոնիկ մշակությամբ է զբաղվում նաև մոտ 5 տարի առաջ հիմնված «Արմֆուդ» ընկերությունը, որը նախարարի հաջորդ կանգառն էր: 4 հա տարածքում մշակում են լոլիկ: Յուրաքանչյուր տարի սածիլները փոխարինվում են: Նոր սածիլները հատ առ հատ մշակվում են, ապա՝ տեղափոխվում ջերմոց: Ընկերության հիմնադիր տնօրեն Սամվել Կարապետյանը նախարարին տեղեկացրեց, որ արդեն նոյեմբերին կունենան նոր սածիլների առաջին բերքը, որը շուկայում որակապես մրցունակ կլինի:
«Գյուղատնտեսության ապագան սակավահող և սակավաջուր երկրում, իհարկե, ինտենսիվ և բարձր տեխնոլոգիական գյուղատնտեսությանն է: Մենք պետք է օգնենք թե նրանց, ովքեր այդ ճանապարհով առաջին քայլերն են անում, թե մեր գյուղացիներին ու գյուղացիական տնտեսություններին, որպեսզի նրանք կարողանան ավելի բարձր մակարդակի հասցնեն իրենց տնտեսությունները, ավելի ճիշտ կարողանան զբաղվել գյուղատնտեսությամբ»,-նշել է Արթուր Խաչատրյանը:
Նոր Գեղի վարչական համայնքում Արթուր Խաչատրյանը հանդիպել է նաև տեղի բնակիչների հետ, լսել նրանց խնդիրները: Գյուղացիները տեղեկացրել են, որ համայնքում առաջնային է ոռոգման ջրի հարցը: Անդրադառնալով թեմային՝ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նշել է, որ իրականում Կոտայքում ոչ թե ոռոգման ջրի, այլ՝ ոռոգման ռեսուրսների կառավարման խնդիր ունեն:
«67 մեծ, միջին և մանր համայնք ունեցող մարզում բոլոր բնակավայրերին մեկ միությամբ հավուր պատշաճի սպասարկելն իրականում անհնար է: Միայն տարալուծման, ապակենտրոնացման ճանապարհով մենք կարող ենք կառավարչական իմաստով մեղմել իրավիճակը»,-ասել է մարզպետը՝ հավելելով, որ արդեն հաջորդ տարի խնդիրը կկարգավորվի:
Մարզպետը նաև դրական է գնահատել գյուղատնտեսական տարին՝ բնական աղետներից չեն տուժել, առատ և բարձրորակ բերք են ստացել, այժմ էլ մտածում են, թե ինչ քայլեր ձեռնարկեն, որ օգնեն գյուղացուն իրացման հարցում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1053 դիտում
17:21 25-07-2014
Գյուղատնտեսության նախարարն այցելել է Կոտայքի մարզի ջերմոցային տնտեսություններ և հետևել հացահատիկի բերքահավաքին
7121 դիտում
16:17 14-01-2017
ՀՀ գյուղնախարարն այցելել է Կոտայքի մարզում գործող ջերմոցային տնտեսություններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
4917 դիտում
10:13 08-10-2018
Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանն այցելել է պետական և մասնավոր մի շարք տնտեսություններ
Այս բաժնից
5299 դիտում
12:06 25-12-2024
Հետիոտնի կողմից արգելված վայրով ճանապարհն անցնելու պատիժը կխստացվի
916 դիտում
11:42 25-12-2024
Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը