1941 դիտում
12:11 01-08-2018
Արհեստակցական միությունները պետք է լինեն հզոր և անկախ. համաժողով աշխատողների իրավունքների պաշտպանության ոլորտի խնդիրների և բարեփոխման տեսլականի վերաբերյալ
Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում հուլիսի 31-ին տեղի ունեցավ «Արհեստակցական միությունների ներկա վիճակ, զարգացման հեռանկարներ» կառավարություն - քաղաքացիական հասարակության կազմակերպություններ երկխոսության համաժողովը: Հանդիպմանը մասնակցում էր պետական կառույցների, քաղհասարակության, առևտրային, բիզնես կազմակերպությունների շուրջ 160 ներկայացուցիչներ:
Ծրագրի ղեկավար և Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը հայտնեց, որ այս ծրագրի միջոցով կամուրջ է ստեղծվում քաղհասարակական կազմակերպությունների և կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների միջև՝ կառուցողական երկխոսություն սկսելու և իրենց առջև դրված նպատակներն առավել արդյունավետ իրականացնելու համար:
Կարեն Զադոյանի խոսքով, աշխատողների իրավունքները պաշտպանելուն կոչված արհեստակցական միությունների գործունեության ոլորտում օրենսդրական բարեփոխումների և դրանց զարգացման նպատակով կազմակերպված քննարկումների արդյունքում կքարտեզագրվեն ողջ խնդիրներն ու դրանց լուծումների վերաբերյալ առաջարկություններ կներկայացվեն կառավարությանը:
Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուրադ Թումասյանը կարևորելով այս ոլորտին անդրադարձն ու նման միջոցառման կազմակերպումը, նշեց. «Քաղաքացիական հասարակության և կառավարության երկխոսությունը լուրջ արդյունք կտա մեր գործունեության ընթացքում: Արհմիությունները թափանցիկ են, պատրաստ են համագործակցության»:
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանը նշեց, որ կառավարության տեսլականն է ունենալ անկախ և հզոր արհմիություններ. «Նրանց զարգացման առաջնահերթ պայմաններից են նրանց անկախությունը, նրանց նկատմամբ վստահության մակարդակի բարձացումը, ինչի արդյունքում կընդլայնվեն աշխատողների իրավունքների հասարակական պաշտպանության շրջանակները»:
Միջոցառման ընթացքում անցկացվեցին նաև չորս պանելային քննարկումներ՝ Հայաստանում արհմիութենական շարժման ներկա վիճակի և զարգացման հեռանկարների, աշխատանքային օրենսդրության Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) կոնվենցիաներին համապատասխանության, Հայաստանում սոցիալական գործընկերության զարգացման հեռանկարների, սոցիալ-աշխատանքային իրավունքների պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ:
Համաժողովը կազմակերպվել է ծրագրի և Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի հետ համատեղ:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։
Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1415 դիտում
13:17 25-02-2019
ԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց անկախ արհեստակցական մարմին ստեղծելու նախագծին
Այս բաժնից
688 դիտում
18:07 28-11-2024
Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր