211652_close_icon
views-count2941 դիտում article-date 18:19 12-07-2018

Նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ քաղաքացիություն է շնորհել ակադեմիկոս Յուրի Օգանեսյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ռուսաստանի Դաշնության Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Ֆլյորովի անվան միջուկային ռեակտորների լաբորատորիայի գիտական ղեկավար, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ Յուրի Օգանեսյանին: Նախագահ Սարգսյանն ասել է, որ հուլիսի 11-ին հրամանագիր է ստորագրել Յուրի Օգանեսյանին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու մասին: Այդ առիթով շնորհավորելով անվանի գիտնականին՝ Հանրապետության նախագահը շատ բարձր է գնահատել նրա ավանդը միջուկային ֆիզիկայի զարգացման բնագավառում, նշելով, որ Յուրի Օգանեսյանի գիտական վաստակով ու նվաճումներով հպարտանում են ողջ երկիրն ու ժողովուրդը: Նախագահ Սարգսյանը եւ Յուրի Օգանեսյանը քննարկել են ռադիոիզոտոպների արտադրության ու դիագնոստիկայի կենտրոնի ծրագրի իրագործման ընթացքը: Հանրապետության Նախագահը ողջունել է անվանի գիտնականի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանում գիտության զարգացմանը, ինչպես նաև ներդրում ունենալու երիտասարդ գիտնականների կրթության եւ առաջընթացի գործում: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաեւ Հայաստանում գիտության զարգացման հեռանկարների վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր