Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը Մարսելի քաղաքապետի հետ քննարկել է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի մասնակցությանն առնչվող հարցեր
Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հուլիսի 4-ից 5-ը Մարսել այցելության շրջանակներում հանդիպել է Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենին, Պրովանս Ալպ-Կոտ դ’Ազյուր (ՊԱԿԱ) ռեգիոնի խորհրդի փոխնախագահ Կարոլին Պոզմենտիեին, տարածաշրջանի պրեֆեկտ Պիեր Դարտուին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպումներին դեսպանը երախտագիտությամբ նշել է, որ Մարսելը առաջին քաղաքն էր, որ ընդունել է ցեղասպանությունից մազապուրծ հայերին, ովքեր հետագայում իրենց նպաստն են բերել ինչպես քաղաքի, տարածաշրջանի, այնպես էլ ամբողջ Ֆրանսիայի զարգացմանը:
Մարսելում և շրջանում բազմաթիվ են ցեղասպանության զոհերին նվիրված հուշակոթողները, անվանի հայերի հուշարձանները, նրանց անունները կրող փողոցները և հրապարակները:
Քննարկվել են ապակենտրոնացված համագործակցության հարցեր, վերջիններիս զարգացման ներուժը, սեպտեմբերին Երևանի 2800-ամյակին նվիրված միջոցառումներին, հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում Ֆրանկոֆոնիայի ավանին Մարսել քաղաքի և տարածաշրջանի մասնակցության հարցեր: