Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Nissan-ը, Mercedes-ն ու ГАЗ 3302-ը. կան վիրավորներ. վթարի վայրում հավաքվածներն ասում էին, որ Nissan-ի վարորդը եղել է խմած. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Երեկ՝ հուլիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններւմ Աճառյան փողոցի թիվ 33/4 հասցեի դիմաց բախվել են Կոտայքի մարզի Թեղենիք գյուղի բնակիչ, 22-ամյա Սերյոժա Դավթյանի վարած ГАЗ 3302 մակնիշի  116 ԼՍ 61 համարանիշի, Երևանի բնակիչներ, 41-ամյա Վարդան Խաչատրյանի վարած Mercedes մակնիշի  888 MV 81 համարանիշի և 42-ամյա Նաիրա Թովմասյանի վարած Nissan  մակնիշի 35 MV 031 համարանիշի ավտոմեքենաները:
 Ինչպես դեպքի վայրից   հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  վարորդներից Ն. Թովմասյանն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 48-ամյա Անգելինա Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: 
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի, ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Գ. Կիրակոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ Mercedes-ը կայանված է եղել ճանապարհի թույլատրելի հատվածում և, ըստ նախնական տեղեկությունների,  վթարի մեղավորը եղել է Nissan-ի վարորդը, իսկ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ,  ըստ իրենց կասկածների,  Nissan-ի վարորդը եղել է ոչ սթափ: Այդ տեղեկությունը հիմնավորելու կամ հերքելու նպատակով հետաքննիչի  կողմից նշանակվել է  փորձաքննություն:
 [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                        
            


