211652_close_icon
views-count3210 դիտում article-date 22:59 26-06-2018

Հայ-Ռուսական համալսարանի և Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

Հայ-Ռուսական համալսարանը և Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանը (UCLA) ստորագրել են համագործակցության հուշագիր, տեղեկացնում են ՀՌՀ մամուլի ծառայությունից։ Հուշագիրը Լոս Անջելեսում ստորագրել են ՀՌՀ-ի Հումանիտար գիտությունների ինստիտուտի Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Ազատ Եղիազարյանը և Կալիֆոռնիայի համալսարանի հումանիտար ֆակուլտետի դեկան Դեվիդ Շամբերգը: Ստորագրված հուշագրի համաձայն՝ ՀՌՀ-ն և Կալիֆոռնիայի համալսարանն իրականացնելու են համատեղ հետազոտական նախագծեր, դասախոսություններ, կոնֆերանսներ և այլ գիտական միջոցառումներ, մագիստրոսների և ասպիրանտների փոխանակման, ինչպես նաև ուսանողների, դասախոսների ու համալսարանի աշխատողների մոբիլության ծրագրեր: Այցելության ընթացքում ՀՌՀ-ի Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Ազատ Եղիազարյանը Կալիֆոռնիայի համալսարանի ուսանողների առջև հանդես է եկել «Ժամանակակից հայ արձակ» թեմայով դասախոսությամբ, որից հետո հանդիպել է համալսարանի Մերձավոր Արևելքի լեզուների և մշակույթի ամբիոնի հայագիտության ուղղության ղեկավար, հայագետ Պիտեր Կաուինի և նույն համալսարանի հումանիտար ֆակուլտետի դեկան, հայագետ Դեվիդ Շամբերգի հետ: Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանը (UCLA) համարվում է աշխարհի լավագույն համալսարաններից մեկը. զբաղեցնում է 12-րդ տեղն ակադեմիական համալսարանների համաշխարհային վարկանիշային դասակարգման աղյուսակում:

Նմանատիպ նյութեր