Սննդամթերքն էժանացել է, ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է գնաճ․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանում՝ սպառողական շուկայում, այս տարվա մայիսին, ապրիլի համեմատ, արձանագրվել է 1 տոկոսի գնանկում:
Եվ այսպես, պաշտոնական տվյալներով՝ այս տարվա մայիսին, ապրիլի համեմատ, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի շուկայում արձանագրվել է 2.8 տոկոս գնանկում: Պաշտոնապես սննդամթերքի և ալկոհոլային խմիչքի գների վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բանջարեղենի 15.2 տոկոսի չափով էժանացումը: Մրգի շուկայում մայիսին, ապրիլի համեմատ, գրանցվել է 0.3 տոկոս գնանկում: Նկատենք, որ միայն բանանը իշխանափոխությունից հետո բավականին էժանացավ՝ ավելի քան 200 դրամով:
Բացի այս, մայիսին, ապրիլի համեմատ, էժանացել է նաև կաթնամթերքը՝ պանիրը՝ 4.7 տոկոսով: Իսկ ահա ձուն մեկ ամսվա ընթացքում էժանացել է 5.9 տոկոսով: Մսամթերքը ևս էժանացել է: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ միսը մեկ ամսում էժանացել է 0.9 տոկոսով: Ձկնամթերքի շուկան ևս անմասն չի մնացել էժանացումից. այս դեպքում արձանագրված գնանկումը կազմել է 0.5 տոկոս: Շաքարավազը էժանացել է 0.8 տոկոսով: Ի դեպ, այս էժանացումը ևս արձանագրվել է իշխանափոխությունից հետո:
Փոխարենը ոչ պարենային ապրանքների շուկայում և ծառայությունների ոլորտում գրանցվել է գների և սակագների՝ համապատասխանաբար 0.1 և 0.2 տոկոս հավելաճ: Պարզվում է, որ նշված ժամանակահատվածում հանրապետությունում թանկացել են դեղագործական ապրանքները՝ 0.4 տոկոսով: Իսկ ահա հագուստը թանկացել է 0.6, կոշիկը՝ 1.2 տոկոսով: Բնակարանի նորոգման և սպասարկման ծառայությունների սակագներն աճել են 0.1 տոկոսով, հանգստի և մշակութային միջոցառումների հետ կապված ծառայություններինը՝ 0.4 տոկոսով, մարդատար տրանսպորտի ծառայություններինը՝ 2.3 տոկոսով: Սա, թերևս, պայմանավորված է օդային տրանսպորտով միջազգային չվերթների ծառայությունների սակագների 5.3 տոկոս հավելաճով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]