211652_close_icon
views-count6852 դիտում article-date 19:34 05-06-2018

Դավթաշեն-Աշտարակի ճանապարհահատվածի հետ կապված բնակիչների բարձրացրած հարցերին լուծումներ կտրվեն. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում՝ Դավթաշեն-Աշտարակ նոր կառուցվող ճանապարհահատվածի հետ կապված մի շարք բնակիչների կողմից հնչեցված մտահոգություններին լուծումներ առաջարկելու նպատակով: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ նախաձեռնված հանդիպմանը, որը վարել է քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, մասնակցել են նաև Ասիական Զարգացման Բանկի և ՀՀ ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները: Օրեր առաջ այս հարցով բնակիչների հետ կայացած հանդիպման ժամանակ բարձրացված մտահոգությունների մասով Վահե Նիկոյանը նշել է, որ մասնավորապես Դավթաշեն 2-րդ փողոցից դեպի գլխավոր ճանապարհ ելքի և մուտքի համար կիրականացվեն նախագծային որոշակի փոփոխություններ, ինչը քննարկվել և համաձայնեցվել է նաև ճանապարհային ոստիկանության հետ: Խոսելով տվյալ հատվածում հասարակական տրանսպորտի աշխատանքի հնարավորությունների մասին՝ տեղեկացվել է, որ Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ մինչ շինարարական աշխատանքների ավարտը բնակիչների համար կապահովվի անվճար տրանսպորտ՝ մինչև մոտակա կանգառ: Ճանապարհահատվածի շինարարությունից և հասարակական տրանսպորտի բարեփոխումների գործընթացից հետո քաղաքապետարանը կքննարկի և երթուղային նոր ցանցում կներառի նաև տվյալ հատվածի տրանսպորտային լիարժեք սպասարկումը: Անդրադառնալով նոր կառուցվող ճանապարհահատվածի՝ Իոսիֆյան փողոցից դեպի Հալաբյան փողոց մուտքին՝ առաջարկվել է նախագծային նոր լուծում, որի արդյունքում տվյալ օղակաձև հատվածում երթևեկությունը կկազմակերպվի լուսացուցային կարգավորմամբ: Նախագծանախահաշվային փոփոխություններից հետո նոր նախագիծը կներկայացվի կառավարման խորհրդին՝ պայմանանագրային համապատասխան փոփոխությունները հաստատելու համար: Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներն իրենց հերթին նկատել են, որ առաջարկվող լուծումն ամենաքիչ կոնֆլիկտայինն է և քիչ ծախսատարը: Հանդիպմանը մասնակից բնակիչներն էլ շնորհակալություն են հայտնել Երևանի քաղաքապետարանին՝ արագ արձագանքի և բարձրացված խնդիրներին ընդունելի լուծումներ առաջարկելու համար: Դավթաշեն-Աշտարակ ճանապարհի շինարարության ավարտի և շահագործման ժամկետների վերաբերյալ բնակիչների հարցին ի պատասխան՝ քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը տեղեկացրել է, որ նախագծային փոփոխությունների հետ կապված սպասվում է տվյալ ճանապարհահատվածի շահագործման ժամկետի փոփոխություն: Միաժամանակ նշվել է, որ աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ:

Նմանատիպ նյութեր