211652_close_icon
views-count4923 դիտում article-date 11:07 28-05-2018

Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի, Մայիսյան հաղթանակների ու անկախության վերականգնման մեկդարյա հոբելյանի առթիվ

ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասված է. «Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի, Մայիսյան հաղթանակների ու անկախության վերականգնման մեկդարյա հոբելյանի առթիվ: Հարյուր տարի առաջ այս օրը վեց դարերի ընդհատումից հետո վերածնվեց հայոց պետականությունը: Ցեղասպանության ենթարկված ժողովուրդը, իր պատմական հայրենիքից մնացած վերջին հատվածի վրա միավորելով բոլոր ուժերը, շրջեց պատմության ընթացքը: Մայիսյան համաժողովրդական հերոսամարտերը պսակվեցին Սարդարապատի փառահեղ հաղթանակով և դարձան ա՛յն հենասյուները, որոնց վրա խարսխվեց Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակումը: Մեկ դար առաջ աշխարհի քաղաքական քարտեզի վրա կրկին գրվեց ՀԱՅԱՍՏԱՆ բառը: Այդ իրավունքը միասին նվաճեցին հայ կադրային զինվորականը, արևմտահայ գաղթականն ու կովկասահայ շինականը, արցախցի մարտիկն ու հայ հոգևորականը: Եւ սերունդներին ավանդեցին պետականության անփոխարինելիության ու հայության ուժերի նկատմամբ հավատի վրա հիմնված արժեքային համակարգ, որի կրողն այսօր մենք ենք: Պատմաքաղաքական բարդագույն պայմաններում կարճ կյանք ունեցավ մեր վերածնված պետականությունը: Բայց նրա գոյության երկուսուկես տարիները բավական եղան՝ ապահովելու ժողովրդի կյանքն ու անվտանգությունը, լուրջ քայլեր ձեռնարկելու զինված ուժերի ստեղծման, պետական ու հասարակական կյանքը բնականոն հուն վերադարձնելու համար: Հայաստանի Առաջին Հանրապետությունը դարձավ ա´յն հիմքը, որի վրա վեր բարձրացավ Խորհրդային Հայաստանը, իսկ այսօր պաշտպանված հայրենիք ու ազատ հասարակարգ են կառուցում Հայաստանի ու Արցախի Հանրապետությունները: Եվ դա հարգանքի լավագույն տուրքն է նրանց, ովքեր հուսահատության այն սև օրերին մեզ Մայիսի 28 պարգևեցին: Կրկին շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդին այս նվիրական տոնի առթիվ, մաղթում խաղաղություն, երջանկություն, ստեղծարար աշխատանք, ազատ պետություն կերտելու կամք և վճռականություն»։

Նմանատիպ նյութեր