Գյուղմթերքի Ռուսաստան արտահանումը պետք իրականացվի պահանջներին համապատասխան. վարչապետը՝ ՍԱՊԾ պետին
Կառավարության նիստում այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սննդի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանից հետաքրքրվեց, թե ինչու իրեն չեն զեկուցել «Ռոսսելխոզնադզոր»-ից ստացված նամակների մասին:
«Տեղեկացա, որ ՍԱՊԾ ղեկավարը մայիսի 10-ին և 16-ին նամակներ է ստացել «Ռոսսելխոզնադզոր»-ից, ինձ համար անակնկալ էր, որ տեղյակ չեմ այս նամակների մասին»,- [url=https://armenpress.am/arm/news/934728.html]«Արմենպրեսի»[/url] փոխանցմամբ, ասաց վարչապետը:
ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը նշեց, որ նման նամակները կրում են պարբերական բնույթ և դրանց վերաբերյալ հարցը քննարկել է ռուս գործընկերների հետ:
Վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ հետաքրքրվեց, թե ՍԱՊԾ պետն ում է զեկուցել, որ այսպիսի նամակներ են ստացվել: «Նամակները կոնկրետ իրավիճակ են ներկայացնում, հարցն ունի կարևոր նշանակություն: Վարչապետի պաշտոնը ստանձնելիս զանգել և հարցրել եմ, արդյոք մենք խնդիրներ ունե՞նք գյուղմթերքի արտահանման ոլորտում: Դուք ասել եք, թե խնդիր չկա: Իմանալով, որ ես անձամբ այդ հարցով հետաքրքրված եմ, ո՞ւմ եք զեկուցել տվյալ խնդրի մասին և ի՞նչ գործողություն եք կատարել խնդիրը լուծելու համար»,- ասաց վարչապետը:
Ի պատասխան՝ Իշխան Կարապետյանն ասաց, որ խոսել է ռուս գործընկերների, գյուղնախարարի հետ, փորձել է կապվել նաև առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ, սակայն չի հաջողվել: Ըստ Կարապետյանի՝ նամակները վերաբերել են մեկ ընկերության և Վերին Լարսում իրականացվող ուժեղացված մոնիթորինգային ծրագրին: «Աշխատանքային կարգով փորձում ենք կարգավորել խնդիրները: Դրանք հիմնականում վերաբերում են ապրանքների մակնշմանը, որը հաճախ մեր արտահանողները չեն կարողանում ներկայացնել»,- ասաց ՍԱՊԾ պետը:
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նամակներում գրված է եղել ֆիտոսանիտարական խնդիր:
«Արտահանվող բեռում անհապատասխանություն է հայտնաբերվել, բեռը ետ է ուղարկվել և կրկին վերարտահանվել է: Խնդիրը կրում է համակարգային բնույթ, չունենալով լոգիստիկ, փաթեթավորման կարողություններ, տնտեսավարողներն ապրանքներն արտահանում են երկրորդային օգտագործված արկղերով և թերի մակնշմամբ: Իրազեկում ենք իրականացնում արտահանող տնտեսավարողների շրջանում, վերջին երեք օրվա ընթացքում Վերին Լարսից մենք որևէ ահազանգ չենք ստացել: Խնդիրը գնում է կարգավորման»,- ասաց Իշխան Կարապետյանը:
Վարչապետ Փաշինյանը հանձնարարեց, որպեսզի իրականացվեն համապատասխան աշխատանքներ, որպեսզի նման իրավիճակներ հետագայում չառաջանան: «Դուք պարտավոր եք ապահովել, որպեսզի այս իրավիճակը չկրկնվի, և գյուղմթերքի արտահանումն իրականացվի պահանջներին խստիվ համապատասխան: Ակնկալում եմ, որ այս հարցը մենք քննարկում ենք վերջին անգամ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: