4860 դիտում
18:13 21-05-2018
Արա Բաբլոյանն ընդունել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը մայիսի 21-ին ընդունել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպումը կայացել է ընդլայնված կազմով:
Արա Բաբլոյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ հարաբերությունները վերջին տարիներին համատեղ ջանքերի շնորհիվ որակական նոր մակարդակի են հասել: ԱԺ նախագահը բարձր է գնահատել միջազգային կառույցներում երկու երկրների խորհրդարանների արդյունավետ համագործակցությունը:
Խորհրդարանի ղեկավարի խոսքով` երկկողմ ամուր հարաբերությունները պայմանավորված են պատմամշակութային, հոգեւոր եւ արժեհամակարգային ընդհանրություններով:
Ըստ Արա Բաբլոյանի` այս այցը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկելու մեծ հնարավորություն է, ինչն իր հերթին կնպաստի բարեկամ երկրների միջխորհրդարանական եւ միջպետական հարաբերությունների առավել խորացմանն ու զարգացմանը:
ՀՀ խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է նաեւ Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանը` հույս հայտնելով, որ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հնարավորինս սեղմ ժամկետում կվավերացնի փաստաթուղթը:
Խոսելով տարածաշրջանային խնդիրների մասին` Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստանը եւ Կիպրոսը մշտապես սատարել են միմյանց դիրքորոշումները` Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ Կիպրոսի խնդրի կարգավորման հարցերում: «Թեեւ մեր առջեւ դրված են տարբեր խնդիրներ, սակայն կարգավորման առումով մոտեցումը նույնն է` առանց ուժի կիրառման, բացառապես խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի հիման վրա»,- ասել է Արա Բաբլոյանը:
Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ Կիպրոսն ու Հայաստանն ընդհանրություններ շատ ունեն եւ հաշվի առնելով այդ հանգամանքը` կարելի է առավել խորացնել ու զարգացնել հարաբերությունները բոլոր ոլորտներում:
Դեմետրիս Սիլուրիսն առաջարկել է ստեղծել խորհրդարանական համագործակցության եռակողմ ձեւաչափ` Կիպրոս-Հայաստան-Հունաստան: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը կարեւորել է հնչած առաջարկը:
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին` Դեմետրիս Սիլուրսը վերահաստատել է, որ Կիպրոսի Հանրապետությունը աջակցում է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում եւ միջազգային տարբեր հարթակներում մշտապես աջակցել եւ աջակցելու է Հայաստանին:
Հանդիպմանը կողմերը կարեւորել են Կիպրոսի հայ համայնքի դերակատարությունը` նշելով, որ հայերը Կիպրոսի հասարակության լիիրավ անդամներ են եւ մեծ դեր ունեն պետության զարգացման գործում:
Հայաստանի եւ Կիպրոսի պատգամավորները, անդրադառնալով գիտակրթական, մշակութային, տնտեսության, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում հետագա զարգացման հնարավորություններին, ընդգծել են, որ առկա մեծ ներուժ կա:
Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսը գրառում է կատարել ՀՀ Ազգային ժողովի պատվավոր հյուրերի մատյանում:
Հանդիպման ավարտին Արա Բաբլոյանն ու Դեմետրիս Սիլուրիսը եղեւնի են տնկել ՀՀ Ազգային ժողովի այգում` ի նշան երկու ժողովուրդների հարատեւ բարեկամության, որից հետո լրատվամիջոցների համար հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
4222 դիտում
16:06 19-09-2017
Արա Բաբլոյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը
Այս բաժնից
781 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
889 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
637 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին