211652_close_icon
views-count3084 դիտում article-date 13:30 03-05-2018

Մեր ժողովուրդը կրկին անգամ ցույց տվեց, որ ճակատագրական պահին ունակ է համախմբվելու և ազգանպաստ որոշումներ կայացնելու. ՀՀ նախագահի ուղերձը

Նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել, որում ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, Հանրապետությունում առկա քաղաքական ճգնաժամը հաղթահարելու նպատակով երեկվա ընթացքում տարբեր մակարդակներով հագեցած քննարկումներից հետո ներգրավված քաղաքական ուժերը հանդես եկան հայտարարություններով, որով տրամաբանական ավարտին են հասցվում երկրում ծավալված ժողովրդավարական զարգացումները: Այս կապակցությամբ ողջունում եմ Նիկոլ Փաշինյանի գլխավորած համաժողովրդական շարժման, Հայաստանի Հանրապետական կուսակցության, Բարգավաճ Հայաստանի, Ելք դաշինքի և ՀՅԴ պատասխանատու կեցվածքը, որը բխում է Հայաստանի և մեր ժողովրդի գերակա շահերից և դուռ բացում ազգային համերաշխության: Սրանով մեր ժողովուրդը կրկին անգամ ցույց տվեց, որ ճակատագրական պահին ունակ է համախմբվելու և ազգանպաստ որոշումներ կայացնելու: Այս օրերին Հայաստանը համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում է: Մենք անցնում ենք փորձությունների միջով և վստահ եմ, որ մայիսի 8-ին կամրագրվեն հանուն բարեփոխումների համազգային շարժման ձեռքբերումները, որի մեջ իրենց մասն ունեն բոլորը՝ քաղաքական ուժերից սկսած մինչև մեր ժողովրդի բոլոր հատվածները Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում: Այն կբարձրացնի մեր հեղինակությունը և վարկն աշխարհում: Այս ամենի մեջ ուզում եմ հատկապես բարձր գնահատել մեր պայծառ երիտասարդության ներգրավվածությունը և վճռորոշ դերը: Երիտասարդություն, որն իր ստեղծարար եռանդով, նպատակասլացությամբ եւ հանդուրժողականությամբ այս բախտորոշ օրերին ամենուր սփռում էր լույս, համերաշխություն, սեր և հավատ: Հպարտ եմ մեր ժողովրդով՝ Հայաստանի հպարտ քաղաքացիներով, մեր միասնականությամբ և համերաշխությամբ: Հավատացած եմ և տեսնում եմ, որ արդեն սկսել ենք կերտել նոր Հայաստան, որը դեպի իրեն է քաշելու մեր ժողովրդի բոլոր զավակներին, իր մեջ կուտակելու և իրացնելու է նրանց տաղանդը, ձեռներեցությունը և եռանդը»։

Նմանատիպ նյութեր