211652_close_icon
views-count4119 դիտում article-date 16:02 27-04-2018

ՀՀ-ն և Չիլին ստորագրել են դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 27-ին ընդունեց Չիլիի դեսպան Ռոդրիգո Նիետոյին (նստավայրը՝ Մոսկվա), ով Երևան էր ժամանել փոխանցելու Չիլիի արտգործնախարար Ռոբերտո Ամպուերոյի պատասխան ուղերձը` Հայաստանի և Չիլիի միջև միջպետական հարաբերությունների հաստատման քսանհինգամյակի կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ քառորդ դարի ընթացքում մեր երկու երկրների միջև ձևավորել են գործընկերային, փոխշահավետ հարաբերություններ և առկա է միացյալ ուժերով դրանք առավել զարգացնելու երկուստեք պատրաստակամություն: Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարը և Չիլիի դեսպանը անդրադարձան երկկողմ օրակարգին վերաբերող մի շարք հարցերի, քննարկեցին քաղաքական երկխոսության խորացման, արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների անցկացման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության սերտացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, երկու երկրների խորհրդարանների միջև շփումների ակտիվացման վերաբերյալ հարցեր։ Էդվարդ Նալբանդյանն ու Ռոդրիգո Նիետոն կարևորեցին Հայաստանում Չիլիի պատվավոր հյուպատոսի գրասենյակի այսօր նախատեսվող հանդիսավոր բացումը, ընդգծելով, որ այն, 2016թ.-ից ի վեր Սանտյագոյում գործող Հայաստանի պատվո հյուպատոսության հետ միասին, նոր հնարավորություններ կստեղծի երկկողմ կապերի առավել խորացման համար: Հանդիպումից հետո Էդվարդ Նալբանդյանն ու Ռոդրիգո Նիետոն ստորագրեցին Հայաստանի Հանրապետության Կառավարության և Չիլիի Հանրապետության Կառավարության միջև՝ դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագիրը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր